Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներկա իրավիճակը և նպատակ ունենալով հեռացնել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին և կանխել Հայաստանի Հանրապետության ինտեգրումը թուրանական նախագծին, հարկ է համարում անել հետևյալ պարզաբանումը։
1. Մենք գտնում ենք, որ Արցախի անկախության հռչակումը եղել է օտարի թելադրանք և քաղաքական ռազմավարական սխալ, որը հակասել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի սկզբունքներին: Այն հանգեցրել է դժվարագույն ներկա կացությանը, երբ թշնամին, տարիներ շարունակ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությանը որպես զավթող, այդպիսով փորձեց հիմնավորել իր կողմից Արցախի տարածքի ռազմական ճանապարհով զավթումը։
2. Մեր շարժումը ընդունում է Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորումը, քանի որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդը, պետք է մերժեր ստալինյան Կավբյուրոյի 1921թ. հայտնի որոշումը, որով Արցախը ապօրինաբար դրվեց Ադրբեջանի խորհրդային հանրապետության վարչական ենթակայության տակ։
3. Մենք համոզված ենք, որ Արցախի հարցի վերջնական լուծումը անքակտելիորեն կապված է Հայկական հարցի ընդհանրական լուծման հետ: Վերջինիս լուծման հնարավորությունը տեսնում ենք Ազգերի լիգայի` Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանազատմանը նվիրված 1920թ. փետրվարի 24-ի առաջարկ-նախագծի և հետագա 1920թ. Սևրի պայմանագրի և Վուդրո Վիլսոնի` 1920թ. նոյեմբերի 22-ի արբիտրաժային որոշման իրավա-պայմանագրային հիմքի վրա։
4. Մենք, հավատարիմ լինելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների և նրանց Արցախ վերադարձի իրավա-քաղաքական հետապնդմանը, ներկա փուլում հանդես ենք գալիս Արցախի ժողովրդի միջազգային անվտանգային երաշխիքների ներքո բնօրրան վերադառնալու օգտին։
5. Արցախի անկախության հռչակման տարեդարձը նշելը համարում ենք հակասող մեր վերոհիշյալ սկզբունքներին և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին, ուստի չենք մասնակցելու այդ օրվան նվիրված որևէ միջոցառման։
Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին վերանայել իրենց մոտեցումները Արցախի հարցի վերաբերյալ՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները և միջազգային իրավունքի նորմերը: Միայն համատեղ ջանքերով և իրատեսական մոտեցմամբ մենք կարող ենք գտնել այս բարդ հարցի արդար և կայուն լուծումը։
Շեշտադրելով հանդերձ մեր վերոնշյալ սկզբունքները` մեր համախոհներին կոչ ենք անում տեսակետներ արտահայտելիս մնալ բարեվարքության սահմաններում»։