Այսօր՝ օգոստոսի 30-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել սպանություն կատարող կասկածյալի մասին։ Տեղում ոստիկաններն ու Վեդիի քննիչները մեկ տասնյակից ավելի հասցեներում են եղել։ Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Արարատի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։
Ոստիկանները վնասազերծել են կասկածյալին և տեղափոխել ոստիկանության Արարատի բաժին։
Քիչ առաջ նրան ոստիկանության Արարատի բաժնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկների ուղեկցությամբ տեղափոխել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը նույն գյուղում հաշվառված 29-ամյա Արթուր Ս-ն է, ով, սակայն, մի քանի տարի է` բնակվում է Երևանում։ Վերջինս խոստովանել է, որ ինքն է սպանել, սակայն հրաժարվել է հայտնել դրդապատճառը։
Պարզվել է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված արյունոտ գլխարկը պատկանել է սպանություն կատարողին։