Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Բելառուսի իշխանություններին հետ քաշել զորքերը սահմանային հատվածից։ Ըստ ԱԳՆ-ի՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել, որ Բելառուսի ԶՈՒ-ն զորավարժությունների պատրվակով Գոմելի մարզում կենտրոնացնում է զգալի թվով անձնակազմ՝ հատուկ գործողությունների ուժեր, սպառազինություն, ռազմատեխնիկա: Արձանագրվել է նաև «Վագներ»-ի վարձկանների ներկայությունը:
«Սահմանային գոտում և ատոմային էներգիայի օբյեկտի մերձակայքում զորավարժությունների անցկացումը սպառնալիքներ է ստեղծում Ուկրաինայի և ընդհանրապես համաշխարհային անվտանգության համար»,- հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։
Պաշտոնական Կիևը նաև պնդել է, որ Ուկրաինան մտադիր չէ որևէ գործողություն ձեռնարկել բելառուս ժողովրդի դեմ։