Թուրքիայի և Իրաքի պաշտպանության նախարարությունները ռազմական, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ Անկարայում կայացած բանակցությունների և երկու երկրների պաշտպանության նախարարության և հետախուզական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ Անվտանգության բարձր մակարդակի մեխանիզմի հանդիպման արդյունքների վերաբերյալ ասուլիսում։
«Մեր երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են համագործակցության հուշագիր ռազմական ոլորտում, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարում։ Մենք ակնկալում ենք մեր համագործակցությունը բարձրացնել ավելի բարձր մակարդակի»,- ասել է Ֆիդանը։
Երկու երկրների միջև անվտանգության բարձր մակարդակի մեխանիզմի համակարգման կենտրոնն ստեղծվել է ապրիլին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Իրաք կատարած այցից հետո։ Կենտրոնի խնդիրներից են ընդհանուր սահմանների պաշտպանությունը և ահաբեկչության դեմ պայքարը։