Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՊԵԿ-ն սկսում է չտարբերվել Օսմանյան Կայսրության հարկահավաքներից». Վահրամ Միրաքյան

23:12, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2024 թ.
«ՊԵԿ-ն սկսում է չտարբերվել Օսմանյան Կայսրության հարկահավաքներից». Վահրամ Միրաքյան

Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շարունակենք ՊԵԿ-ի թեման` ավելի գլոբալ համատեքստով:
     Հայաստանում ՊԵԿ-ը երկու հիմնական խնդիր ունի՝ պլանային հարկահավաքություն և երկրորդ՝ իդեալականության, ստերիլության ձգտում (կամ ձևական ձգտում):
     1. Եթե ՊԵԿ-ը չի գործում «զարգացնենք Հայաստանի տնտեսությունը» գաղափարախոսության շրջանակներում, այլ միայն հարկահավաքության վարչարարության, պլանի կատարման վրա է կենտրոնանում, ապա ստացվում է իրավիճակ, որ ՊԵԿ-ն սկսում է չտարբերվել «дань» հավաքող, ասենք Օսմանյան Կայսրության ժամանակների հարկահավաքներից:
     Օսմանյան Կայսրության հարկահավաքների խնդիրն էր միայն հարկային պլանի կատարումը, իսկ Հայաստանի ՊԵԿ-ը պետք է գործի «զարգացնել Հայաստանի տնտեսությունը» գաղափարախոսությամբ:
     Հիմա կասեք տնտեսական զարգացումը Էկոնոմիկայի նախարարության տիրույթում է, իսկ ՊԵԿ-ինը հարկային վարչարարությունն է:
     Չէ, ՊԵԿ-ը տնտեսական քաղաքականություն իրականացնող կառույց է: Հարկային քաղաքականությունը տնտեսական քաղաքականություն թելադրող գործունեություն է և ՊԵԿ-ը տնտեսական քաղաքականություն իրականացնող կառույց է, այնպես, ինչպես Ֆինանսների նախարարությունը կամ Կենտրոնական Բանկը:
     Այս համատեքստում, եթե ՊԵԿ-ի գործունեության գլխավոր գաղափարախոսությունը հարկային քաղաքականության միջոցով երկրի տնտեսության զարգացումը չէ, ապա այն վերածվում է հարկահավաք ռեպրեսիվ կառույցի: Գաղափարախոսությունը շատ կարևոր է, ցավոք առայժմ ՊԵԿ-ի հիմնական գաղափարախոսությունը հարկահավաքության պլանների իրականացումն է, իր բոլոր բացասական հետևանքներով, իսկ պետք է լինի տնտեսության զարգացումը:
     2. ՊԵԿ-ի երկրորդ խնդիրը հարկահավաքության համատեքստում ստերիլության ձգտումն է: Այս խնդիրը նույնպես առաջին կետի հետևանքներից է, բայց ոչ պակաս վտանգավոր: Իդեալական հարկահավաքության երբեք չի կարելի հասնել ու հաճախ դրան ձգտելն ավելի վնասակար կարող է լինել տնտեսության համար, քան չձգտելը: Պետք է հաշտվել ինչ-որ չափի կորուստների հետ, քանի որ տնտեսությունը շատ բարդ պրոցեսներից է բաղկացած ու իդեալական հարկահավաքության ձգտումը հաճախ տնտեսական ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քան ինչ-որ բաներ «աչքաթող» անելը:
     Վերոնշյալ երկու կետերում, եթե փոփոխություն լինի, ապա դա հսկայական դրական ազդեցություն կունենա երկրի գործարար մթնոլորտի, տնտեսական զարգացման ու ներդրումային ոլորտի վրա ու ՊԵԿ-ը ռեպրեսիվ վարչարարություն իրականացնող կառույցից կվերածվի երկրի տնտեսական զարգացումն ապահովող կառույցի»:

2189 | 0
Facebook