Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն 3 օր է` վառվում ու ծխում է Նուբարաշենի աղբավայրը, վնասակար թափոնների այրումից առաջացած գազերն ու թունավոր նյութերը սփռվում են Երևանով մեկ, թունավորում բնակչությանը։
Միլիոնանոց քաղաքի բնակչությունը կանգնած է առողջապահական ու բնապահպանական կատաստրոֆայի առաջ։ Բնականաբար քաղաքային իշխանությունները անգործության են մատնված, աղբավայրի խնդիրը տարիներով չի լուծվում, պարբերաբար այրվում ու ծխում է։ Ասենք, փողոցներում գծանշում անելու անընդունակ իշխանությունից ի՞նչ պահանջես աղբավայրի խնդրի լուծում։
Բայց հետաքրքիր է, որ շատ լուռ են բնապահպան ակտիվիստ կոչվածները, որոնք տարբեր հանքերի մոտ մայկաներն էին ճղում, հաշվում փոշու յուրաքանչյուր հատիկ ու հանքերի մասին հեքիաթներ պատմելով պահանջում են փակել հանքերը։
Սակայն երբ միլիոնանոց Երևանում կոնկրետ բնապահպանական աղետ է՝ աղբավայրի ծուխը ավելի է թունավորում առանց այդ էլ աղտոտվածության նորման մի քանի անգամ գերազանցող Երևանի օդը, ակտիվիստների ձայնը դուրս չի գալիս։ Բերանները ջուր են առել, ծպտունները չի լսվում։
Երևի, Երևանում բնապահպանական ռիսկերի դեմ պայքարելու համար փող տվող չկա, գրավիչ թեմա չէ։ Իսկ եթե մեջը փող չկա, ուրեմն բնության ու օդի մաքրության համար պայքարելու մոտիվացիա էլ չկա։
Իսկ հանքերի դեմ պայքարելու, փակելու, սուտ ու կեղծիք տարածելու թեմայով, հնարավոր, ահագին շատ փող կա։ Ի դեպ, Ալիևն էլ է տապակվում Հայաստանում հանքերը փակելու թեմայով։
Հակառակ դեպքում, հարցեր չի առաջանո՞ւմ, թե ինչո՞ւ բնապահպան աշխուժակները աղբավայրի մոտ ակցիաներ չեն անում, ինչո՞ւ Ավինյանի կաբինետի դռան դեմ պառկած չեն, պահանջներ չեն ներկայացնում, սեմինարներ ու փորձաքննություններ չեն անում։
Հարցերը հռետորական են, քանի որ արդեն բոլորին է պարզ, թե ինչ առաջնահերթություններով է շարժվում հայաստանյան բնապահպանների մեծ մասը»։