Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

Ինչո՞ւ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը չկիրառեց իր ոճը Նկարիչների միության շենքը կառուցելիս

00:24, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2024 թ.
Ինչո՞ւ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը չկիրառեց իր ոճը Նկարիչների միության շենքը կառուցելիս

Նկարիչների միության շենքը գտնվում է ներկայիս Շառլ Ազնավուրի անվան հրապարակում և կառուցվել է 1955-1956 թվականներին: Շենքը կառուցվել է «Երևան» հյուրանոցին անմիջապես կպած (ամենասկզբում Ինտուրիստ, այժմ` Գրանդ Հոթել Երևան):
     Առաջին հայացքից դիտորդները երբեք չեն կռահի, որ այս երկու շենքերի միջև կա ժամանակի և ճարտարապետների տարբերություն, քանի որ շենքերը ոճային առումով իրարից չեն տարբերվում: Սակայն, իրականում, այս շենքերի վրա աշխատել են երկու տարբեր տաղանդավոր ճարտարապետներ: Երևանցիների շրջանում առավել հայտնի «Երևան» հյուրանոցը կառուցվել է 1926 թվականին: Դասական ոճով կառուցված այս շենքի ճարտարապետն է Նիկողայոս Բունիաթյանը: Հետագայում` արդեն հիսունականներին, որոշվեց հյուրանոցին կից կառուցել նկարիչների տուն, սակայն` հրապարակի կոմպոզիցիոն ամբողջականությունը պահելու խիստ սկզբունքով:

Հայաստանի նկարիչների միություն
Հայաստանի նկարիչների միություն

     Նկարիչների միության շենքը կառուցելու պարտականությունը դրվեց իր ժամանակի ամենատաղանդավոր ճարտարապետներից մեկի` Ռաֆայել Իսրայելյանի ուսերին: Ի դեպ, Իսրայելյանն այդ ժամանակ արդեն ուներ մեծ հեղինակություն և համարվում էր առաջատար ճարտարապետներից մեկը: Նկարիչների միության շենքի կառուցման ժամանակ ճարտարապետի ցուցաբերած բացառիկությունը կայանում է նրանում, որ նա չի ձգտել իր ոճով ձևափոխել արդեն ձևավորված հրապարակի տեսքը, այլ, ամենայն հարգանքով մոտենալով իր ավագ գործընկերոջ` Նիկողայոս Բունիաթյանի աշխատանքին, շենքը կառուցել է նույն ոճով, ինչպիսին «Երևան» հյուրանոցն էր:
Հայաստանի նկարիչների միություն
Հայաստանի նկարիչների միություն

     Շենքի մասին ճարտարապետն ասել է «Այս շենքի դեպքում գլխավորն անսամբլի հարցն է, քաղաքաշինական միասնական լուծում գտնելու հարցը: Մի պատառ հրապարակ ունենք և ուզում եք, որ այնտեղ եղած երկու ինքնուրույն ծավալի, երկու թեմայի կողքին ես ավելացնեմ երրո՞րդը: Ինքնուրույն լուծումով շենք ավելացնելով՝ այդ փոքրիկ հրապարակը կդարձնենք անկազմակերպ, պատահական կառուցապատված տարածություն»: Իսկ ճարտարապետ Կարեն Ալեքսանյանն էլ գրել է, որ երբ Իսրայելյանին հարցրել են, թե ինչու է շարունակել Բունիաթյանի ոճը` ստվերում թողնելով իրենը, նա պատասխանել է. «Մենք փոքր հողատարածք ունենք, բայց պիտի այս հողի վրա էլ կանգնենք հպարտ, արժանավայել ու այնպես կանգնենք, որ ոչ մեկս մյուսի ոտքը չտրորի»:
Հայաստանի նկարիչների միություն
Հայաստանի նկարիչների միություն

1733 | 0
Facebook