180 մլն դրամ`«Ֆեստիվառ» մշակութային նախագծի համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Ֆեստիվառ» մշակութային նախագծի համար 180 մլն դրամ գումար է հատկացրել։ Այդ նախագծի շրջանակում 3 համերգային ծրագիր պետք է անցկացվի, որոնցից առաջինը շաբաթ օրը տեղի ունեցավ Գյումրիում՝ Թաթայի համերգի ուղեկցությամբ, մյուս երկու միջոցառումները պետք է կայանան օգոստոսի 10-ին՝ Իջևանում, որի ընթացքում նախատեսվում է «Կարեն Սևակ» խմբի երաժշտական ելույթը, ինչպես նաև ներկա կլինեն վրացահայ կատարողներ. իսկ ահա օգոստոսի 24-ին Եղեգնաձորում կայանալիք համերգին ելույթ կունենա «Լադանիվա» խումբը։ Պաշտոնական աղբյուրներից տեղեկացանք, որ Գյումրիում շաբաթ օրը՝ «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում համերգի ժամանակ, Թաթայի և նրա հետ ելույթ ունեցող խմբի ծախսերի ապահովման համար 30 մլն դրամ է հատկացվել. համերգային ծրագրի հաղորդավարներին 500 հազար դրամ է հատկացվել, DJ ծառայության համար՝ 400 հազար դրամ։ Պրոդյուսերական աշխատանքների համար հատկացվել է 800 հազար դրամ, անձնակազմի ադմինիստրատիվ աշխատանքների համար՝ ևս 800 հազար դրամ: Լեդ էկրանի ձեռքբերման համար շուրջ 5 մլն 430 հազար դրամ է տրամադրվել, իսկ ձայնային սարքավորումների համար՝ 12 մլն 510 հազար դրամ, լուսային սարքավորումների համար 7 մլն 950 հազար դրամ է հատկացվել։ |