Տնտեսագետ Կարեն Ադոնցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՐԵՎՄՈՒՏՔԻ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐՆ» ՈՒ ՄԵՆՔ
«Միասնական Արևմուտքի» գաղափարա-քաղաքական ներկապնակում տեղի են ունենում «գույների խտացման» տենդենցներ։ Սա խոսում է այն մասին, որ առաջիկայում ակնհայտ անցում է նկատվելու՝ «սոցիալ- լիբերալիզմի» իշխող գաղափարախոսությունից, դեպի «աջ պահպանողական»։ Տարբերությունը արտացոլվելու է տարբեր երկրների «անվտանգային համակարգերի» նկատմամբ դիրքորոշման փոփոխման մեջ՝ «շահերի համադրման» և «նյութական փոխհատուցման» սկզբունքների գերակայությամբ։ Այսինքն՝ շահերը պետք է հստակ համադրվեն և որևէ երկրի անվտանգության ապահովումը պետք է ենթադրի նյութական փոխհատուցում՝ առանց սենտիմենտների։ Հավանական են նաև՝ ֆինանսական աջակցությունների պակասեցումներ, առևտրի ու շուկաների «դեգլոբալիզացիա» և պրոտեկցիոնիզմի խորացում։
Նոր իրավիճակը, շատ երկրների համար, հատկապես Հայաստանի՝ առաջ է բերելու նոր մարտահրավերներ։
Մինչև 2018թ., մեր իշխող քաղաքական ուժերը հռչակել էին «աջ պահպանողական» գաղափարախոսություն։ Բայց իրականում, դրա քողի տակ, տարվում էր «օլիգարխա-ֆեոդալական» քաղաքականություն՝ ոչ մի կապ չունեցող «աջ պահպանողական» գաղափարախոսության հետ։ Սա, աստիճանաբար «հայ հասարակությունը» վերածում էր՝ անկամ, աննպատակ, անկողմնորոշում, անդեմ մի հանրույթի։ 2018թ-ին ժողովուրդը, գուցե իր ինքնապահպանման բնազդով՝ վերջին ճիգերը գործադրեց, դուրս պրծնելու «օլիգարխա-ֆեոդալական» կապանքներից։ Արդյունքում, դժբախտաբար, ստացավ՝ պոպուլիզմով համեմված «ձախ լիբերալիզմ»։
«Ձախ լիբերալիզմը» կարող է տևական ժամանակ արդյունավետ լինել միայն՝ զարգացած, օրենքներով հստակ կանոնակարգված երկրներում։ Մեր իրավիճակում («ագրարա-հումքային» տնտեսությունում)՝ «ձախ լիբերալիզմը» հանգեցնելու է, ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունեցող, «ամենաթողության»։ Սա նույն բանն է, ինչ՝ 1917թ-ին, գերազանցապես ագրարային կայսրությունում, իրականացված «պրոլետարական հեղափոխությունն» ու դրա հետևանքները։
Աշխարհաքաղաքական վերափոխումներին ժամանակին ու ճիշտ չարձագանքելու դեպքում, հաջորդ «կանգառը» կարող է դառնալ «աջ կամ ձախ ռադիկալիզմը», որին, անխուսափելիորեն, հաջորդելու է պետականության դե ֆակտո կորուստը։
Սա չեմ ասում ակնկալելով, որ հին ու նոր քաղաքական դեմքերը կզղջան ու կապաշխարեն՝ դրա ոչ ժամանակը կա, ոչ էլ արդեն՝ նշանակությունը։ Հայաստանի տնտեսության բոլոր հիմնական ոլորտները «խոցելի են», գեր խոցելի է նաև տարվող քաղաքականությունը։ Բայց, ամենավատ նորությունը՝ Հայաստանը չունի կառուցվածքային վերափոխման՝ ոչ շուկայական, ոչ մասնագիտական բավարար ներուժ։ Կարող եք այս խնդրին, ինչպես միշտ, լուրջ չվերաբերվել, բայց մենք չունենք սրանից ավելի կենսական հարց։ Վստահ ե՞ք, որ ոտքերի վրա ամուր կանգնած եք, իսկ իմ կարծիքով՝ մենք «ողնաշար» չունենք»: