Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Ի՞նչ պատասխանել Ադրբեջանին»․ Սուրեն Սուրենյանց

17:36, կիրակի, 21 հուլիսի, 2024 թ.
«Ի՞նչ պատասխանել Ադրբեջանին»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ի՞նչ պատասխանել Ադրբեջանին

Իլհամ Ալիևը հնչեցրել է հին ու նոր մի քանի պահանջներ՝ ադրբեջանցի փախստականների վերադարձ Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին փաստաթուղթ համաձայնեցնել ու փոխել Հայաստանի Սահմանադրությունը։
     Իհարկե, կարելի է էմոցիոնալ արձագանքել Ադրբեջանի նախագահի պահանջներին կամ ձև տալ, թե նրա ագրեսիվ հայտարարությունները ներքին լսարանի համար են:
     Սակայն այդ ամենն ինքնախաբեություն կլինի, մանավանդ՝ Բաքվին հաջողվել է իր պահանջների մի մասը լեգիտիմացնել միջազգային հարթակներում:

Այնուամենայնիվ, ներկայացնեմ իմ որոշ դիտարկումներ Ալիևի պահանջների վերաբերյալ:

Փախստականների վերադարձի թեման առնվազն այս պահին քննարկելի չէ: Երկու ժողովուրդների միջև անտագոնիզմի հաղթահարումը տասնամյակներ է պահանջում: Առանց ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության հաստատման՝ փախստականների վերադարձն ընդամենը հակամարտության նոր բորբոքման առիթներ է ստեղծելու: Հետևաբար, այս պահին այդ խնդրի քննարկումը բացարձակապես չի նպաստում կարգավորմանը:

Մինսկի խումբը փաստացի լուծարվել է 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարության հետևանքով, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախն ունիտար Ադրբեջանի մաս ճանաչելով՝ ըստ էության, փակեց ԼՂ խնդիրը, մանավանդ, որ այդ հայտարարությանը հաջորդեցին Արցախի բլոկադան, էթնիկ զտումներն ու հայաթափությունը: ԼՂ խնդիրը փակված է, ըստ այդմ՝ Մինսկի խումբը կորցրել է իր ակտուալությունը(հատկապես ՝ միջազգային գլոբալ հակադրության պայմաններում), եթե նույնիսկ անչափ դժվար է դա խոստովանելը:
     Մյուս կողմից, հայ- ադրբեջանական հակամարտության տրանսֆորմացիան նոր ստատուս-քվո է ստեղծել, ինչը դարձյալ Հայաստանի համար խիստ խոցելի ու վտանգավոր է դարձնում ուղղակի բանակցությունները՝ ուժային ակնհայտ դիսբալանսի պայմաններում: Իմ պատկերացմամբ՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի իրական միջնորդներ ու երաշխավորներ պետք է դառնան տարածաշրջանային գերտերությունները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան:

Հայաստանի Սահմանադրությունը, դրանում փոփոխությունները երբեք չպետք է դառնան հայ-ադրբեջանական կարգավորման մաս կամ Ադրբեջանի պահանջների թիրախ:
     Մյուս կողմից, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո մենք պարտավոր ենք լուրջ քննության առնել 44-օրյա պատերազմի հետևանքները ու այս առումով պետք է երկրի ներսում ձևավորենք քաղաքական և հանրային կոնսենսուս՝ առանց արտաքին միջամտությունների և ճնշումների: Մնում եմ այն կարծիքին, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է հոդված ունենա այն մասին, որ Հայաստանը տարածքային հավակնություն չունի աշխարհի որևէ երկրի նկատմամբ՝ օրենքից դուրս հայտարարելով բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք կունենան նման օրակարգ և ծրագիր:
     Մեր զարգացման ելակետը պետք է դառնա պետության այն տարածքը, որ ՀՀ-ն ժառանգություն է ստացել ՀԽՍՀ-ից:

Ես, անշուշտ, դեմ եմ Ադրբեջանի պահանջների միակողմանի բավարարմանը և «առանց բայցերի» խաղաղությանը, բայց նաև կարծում եմ՝ մենք պետք է քաջություն ունենանք ճանաչել մեր պարտությունը՝ երկրի զարգացման նախադրյալներ ստեղծելու համար»։

3207 | 0
Facebook