«Պատիժ կրողներ չկան․․․ վաղեմության ժամկետն անցնում է, ազատ են արձակվում, վաղեմության ժամկետը չի անցնում, ընկնում են համաներման տակ, համաներման տակ չեն ընկնում, բերվում են բժշկական թղթեր։ Տպավորություն է՝ ամեն ինչ արվում է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները չնստեն»,- Հանրայինի եթերում դիմելով ԲԴԽ նախագահին՝ ասաց հաղորդավար Պետրոս Ղազարյանը։ Կարեն Անդրեասյանը նշեց, որ դատարանները պատշաճ կատարում են իրենց աշխատանքը․ «Ասում եք՝ Սերժ Սարգսյանն արդարացվեց, այո՛, դատավոր Վահե Միսակյանն արդարացման որոշում է կայացրել։ Նախ, որոշումն ուժի մեջ չի մտել, կարող է բողոքարկվել։ Բայց, սա էլ մի կողմ, ենթադրենք արդարացվեց բոլոր ատյաններում։ Ի՞նչ է սա նշանակում, որ դատական իշխանությունը վա՞տն է, իսկ միգուցե գո՞րծն էր վատը։ Կամ՝ պատկերացնենք ինչ-որ մեկը հարյուր հոգու սպանել է, բայց բերում են գործ՝ ոչ թե մարդասպանության, այլ՝ բաժակի գողության, որը թույլ է լինում։ Այսինքն՝ լինում են դեպքեր, որ գործն է թույլ, լինում է, որ մարդը հանցավոր անցյալ ունի, բայց չեն գտել հանցավոր հետքերը և այլն»,- նշեց Անդրեասյանը։