Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աստանայի գագաթնաժողովը կարևոր էր նոր աշխարհակարգը պատկերացնելու իմաստով». Գարիկ Քեռյան

19:30, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
«Աստանայի գագաթնաժողովը կարևոր էր նոր աշխարհակարգը պատկերացնելու իմաստով». Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շանհայյան համագործակցության կազմակերպության Աստանայի գագաթնաժողովը կարևոր էր նոր աշխարհակարգը պատկերացնելու իմաստով: Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո էլ, երեք տասնամյակ ձգվող միջազգային հարաբերությունների վերադասավորումները դեռ հնարավորություն չեն տալիս ակադեմիական քաղաքագիտական կենտրոններում վերջնական եզրահանգումներ անելու: 1990-ական թթ. կիրառվող միաբևեռ կամ հետսառըպատերազմյան հասկացությունները դուրս եկան շրջանառությունից, ՌԴ և Չինաստանի գլոբալ նոր դերակատարումների փոփոխության պատճառով: Վ. Պուտինի վարչակարգն, սկսած 2000-ական թվականների սկզբներից նորից սկսեց Արևմուտքի դեմ հակազդելու քաղաքականությունը` չնդունելով գունավոր հեղափոխություններով հակառուսական ռեժիմների հաստատման և հետխորհրդային տարածքում ծավալվելու` Բրյուսել-Վաշինգթոն առանցքի ռազմավարությունը: Չինաստանի նման հսկան պարզ է, որ նույնպես չէր կարող հանդուրժել միաբևեռայնությունը: Դրանից հետո որոշ մասնագետներ շրջանառության մեջ դրեցին Բազմաբևեռ աշխարհակարգ միաբևեռայնությամբ թեզը, որի նպատակը ամեն դեպքում, ԱՄՆ-ի` որպես միակ գերտերության կարգավիճակի ամրագրումն է: Սակայն պատերազմը Ուկրաինայում, Շանհայյան կազմակերպության և ԲՐԻԿՍ միավորման ընդլայնումը հուշում են, որ միջազգային կարգը կրկին ստանում է երկբևեռայնության երանգներ, որի արտահայտությունն էր Աստանայի գագաթնաժողովը: Առայժմ երևում է մի բևեռում հավաքական Արևմուտքը/ՆԱՏՕ-ն և նրանց ազդեցության ոլորտում գտնվող երկրները (Ճապոնիա, Հարավային Կորեա և այլն), մյուս բևեռում ՌԴ, Չինաստան, Իրան, ԿԺԴՀ, Հետխորհրդային կենտրոնասիական պետություններ և նրանց հետ համագործակցային ձևաչափով Հնդկաստան: Ինչպես երևում է, երկու բևեռներն էլ բազմահարկ են և իրենց ներսում նույնպես ունեն ուժային բաղադրիչներ, իրենց առանձնահատուկ գլոբալ և ռեգիոնալ շահերով և պահանջներով, որոնք հաճախ չեն համընկնում: Չեմ կարող ասել` այս միջազգային կարգը կլինի երկարակյաց, թե նորից կենթարկվի նոր փոփոխությունների «երրորդ աշխարհամարտի» ավարտից հետո, բայց համաշխարհային ուժային կենտրոնների ներկա իրավիճակը բնութագրելու համար առաջարկում եմ «բազմակողմ երկբևեռայնությամբ աշխարհակարգ» եզրույթը»:

Աղբյուրը` Գարիկ Քեռյան
1319 | 0
Facebook