Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ.

Համացանց

«Այս ընտրություններով Ալիևը հետպատերազմական սրբագրումներ է անում». Վարդան Բալյան

00:48, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
«Այս ընտրություններով Ալիևը հետպատերազմական սրբագրումներ է անում». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանում տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Ընտրությունների անցկացման ներքաղաքական օբյեկտիվ պատճառներ, ըստ էության, չկան: Նախագահ Ալիևի գլխավորած Ենի Ազերբայջան/Նոր Ադրբեջան կուսակցությունն այլևս լուծարված խորհրադարանում բացարձակ մեծամասնություն ուներ՝ 125 պատգամավորից 72-ը ներկայացնում էին վերջին արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Իլհամ Ալիևի ղեկավարած քաղաքական ուժը: Ներկայիս զարգացումներն ինչ-որ առումով հիշեցնում են պատերազմական 2020 թվականը: Հիշեցնեմ, որ 2019 թվականի նոյեմբերին «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավորները նախաձեռնեցին մեջլիսի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց, որի արդյունքում դեկտեմբերի 2-ին Միլլի մեջլիսը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց համապատասխան որոշում: Դեկտեմբերի 7-ին այդ երկրի ԿԸՀ-ն սկսեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթաց, քվեարկությունը կայացավ արդեն 2020 թվականի փետրվարի 8-ին 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ: Որքան էլ չցանկանանք զուգահեռներ անցկացնել ներկա իրավիճակի հետ, դրանք ակնհայտ են:
     Այն, որ այս ընտրություններով Ալիևը հետպատերազմական սրբագրումներ է անում իշխանական համակարգում, անկասկած է և անվիճարկելի է: Միայն այն հանգամանքը, որ ներկայիս 72 իշխանական պատգամավորներից, ամենայն հավանականությամբ, 41-ը ներկայացված չեն լինելու նորընտիր խորհրդարանում, ինքնին առավել քան խոսուն փաստ է: Երկրորդ հետաքրքիր արձանագրումն այն է, որ նոր խորհրդարանում նախագահական քաղաքական ուժը թերևս ներկայացված կլինի անձապես Իլհամ և Մեհրիբան Ալիևներին հավատարիմ պատգամավորներով: Ադրբեջանում տասնամյակներով պետական կառավարման ոլորտում ընտանեկան-կլանային և տարածքային-կլանային տարբեր խմբավորումներ իշխանության ապագա տրանսֆերին ընդառաջ ուղղակի դուրս են մղվում քաղաքականությունից վերջնականապես: Այս և բազմաթիվ այլ հանգամանքներով պայմանավորված, կարծում եմ, անհրաժեշտություն կա Ադրբեջանում դիտարկելի քաղաքական գործընթացներին առավել մեծ ուշադրություն դարձնել»:

Աղբյուրը` Վարդան Բալյան
1411 | 0
Facebook