«Սրանք հենց այնպես չեն գալիս». Նատալյա Սաղիյանը` Սամանթա Փաուերի այցի մասին
![]() Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս կինը` Սամանթա Փաուերը, առաջինն էր, որ վազելով եկավ Գորիս արցախցիների զանգվածային տեղահանումից հետո: Եկավ, կանգնեց մարդկանց դիմաց և ՇԱՏ ԿԱՐՃ խոսելով այն մասին, որ էթնիկ զտումներն անընդունելի են, արագ անցավ փողի թեմային: Մարդիկ տնավեր, հայրենազուրկ, ողբերգության ճիրաններով անցած կանգնել էին այս տիկնոջ առջև և ապշահար լսում էին, թե ինչպես է նա իրենց վիշտը գնահատում մեկ միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Տիկին Փաուերը, հավանաբար, կեզրափակի ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների այցերի շարքը: Առաջին երկուսն եկան Փաշինյանին սատարելու` ցուցարարներին վայրագաբար ջարդելուց առաջ և անմիջապես հետո: Հաջորդիվ եկան սենատորները՝ ՀՀ ԱԺ զանազան պերսոնաժներին մեծահոգաբար ուսին տպտպացնելու և ժպտալու համար, միաժամանակ, Հայաստանից Ադրբեջանին կոչեր հնչեցնելու: Այդ կոչերը, ի դեպ, ոչ թե ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին էին, այլ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման դեմ զգուշացումներ: Այդ կոչերով ԱՄՆ սենատորները Ադրբեջանին լեգիտիմ առիթ են տալիս Հայաստանի վրա ճնշումը ուժեղացնելու, քանի որ Հայաստանի տարածքից միջամտում են Ադրբեջանի ներքին հարցերին: Հիմա էլ սա, փողի տիկինը, եկել է վերահաստատելու, որ փող կտա: Երեսպաշտության սիմվոլ Սամանթա Փաուերը հիմա Երևանում է: Սպասենք, թե ինչպիսի նոր «կարմիր ուլունքներ» կառաջարկի ՀՀ Կառավարությանը էլ ավելի զիջող դիրքորոշման դիմաց»: |