Խնդրում ենք սպասել...

Համացանց

«11 հազար ադրբեջանցի արդեն ցուցակագրվել է հայերից դատարկվող Սիսիան վերադառնալու համար». Վարդան Բալյան

01:06, երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ.
«11 հազար ադրբեջանցի արդեն ցուցակագրվել է հայերից դատարկվող Սիսիան վերադառնալու համար». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հունիսի 21-ին Նախիջևանի Շահբուզի շրջանի Բաթաբաթ զբոսաշրջային գոտում, Սիսիանի սահմանից ոչ շատ հեռու, ի դեպ, կազմակերպվել էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երկրորդ ֆեստիվալ-համագումարը/համաժողովը: Կազմակերպիչները Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչությունն էր, Ադրբեջանի կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և Արևմտյան Ադրբեջանի համայնք անունը կրող, ըստ էության, պետական կազմակերպությունը: Նշենք, որ այս միջոցառումն արդեն երկրորդ անգամ է անցկացվում՝ առաջինը 2023 թվականի նոյեմբերին էր, նույն վայրում: Հրապարակված տեսանյութերում երևում են Արևմտյան Ադրբեջանի 11 շրջանների վրաններ՝ հետաքրքիր թիվ է, կարծում եմ: Մասնակիցները խորհրդանշական քայլերթ-ուխտագնացություն էին կազմակերպել Քոթամ գյուղ, Սալամմալիք երկաթուղային կայարան` որպես Զանգեզուրի միջանցքի խորհրդանշական դարպասներ: Սիսիանի բնակչությունը, թերևս, մեծ ոգևորությամբ վերաբերվի այս տեղեկությանը, քանի որ Արևմտյան Ադրբեջան վերադարձի պատրաստվող բազմահազար ադրբեջանցիները Նախիջևանը և Ադրբեջանը կապող Զանգեզուրի միջանցքի հիմնական երթուղին գծել են հենց Սիսիանով: Առևտրի փայլուն հեռանկարներ են բացվում, փաստորեն:
     Երկօրյա միջացառումն, ըստ որում, ոչ միայն և ոչ այնքան մշակութային էր, որքան կոչված էր քննարկելու նախագահ Իլհամ Ալիևի զեկույցը Արևմտյան Ադրբեջան վերադարձի թեմայով: Մասնակցում էին Ադրբեջանի գիտությունների ակադեմիան, Բաքվի պետական ինստիտուտը և ադրբեջանական համարյա բոլոր խոշոր բուհերը, Կոոպերատիվ միությունների կոնֆեդերացիան ու բազմաթիվ այլ կազմակերպություններ: Համաժողովը եզրափակիչ փաստաթղթում արձանագրեց, որ Հայաստանից բռնի տեղահնվել են ավելի քան 300 հազար ադրբեջանցիներ, մեծ մասն` առանց գույքի որևէ փոխհատուցման, դաժանաբար սպանվել 200-ից ավելի անմեղ ադրբեջանցիներ, հիմնահատակ ավերվել են 300 մզկիթներ, ոչնչացվել են 500-ից ավելի գերեզմանոցներ: Առաջին համաժողովից հետո, ի դեպ, պետական աջակցությամբ գործող Արևմտյան Ադրբեջան կազմակերպությունը 1 տարվա ընթացքում հասցրել է կազմակերպել 24 շրջանների 277 բնակավայրեր ներկայացնող համայնքային կառույցներ, որտեղ իրականացվում է Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների ցուցակագրումը: Հրապարկման պահին, օրինակ, ավելի քան 11 հազար ադրբեջանցիներ ցուցակագրվել են հայերից դատարկվող հայրենի Սիսիան վերադառնալու համար:
     Ապագա կա, ընկերներ, վերադարձի ապագա 11 հազարից ավելի ադրբեջանցի-սիսիանցի եղբայրների ու քույրերի համար: Ի դեպ, ցուցակագրումը դեռ ընթացքի մեջ է, հետևաբար, սա վերջնական թիվ չէ»:

Աղբյուրը` Վարդան Բալյան
26817 | 0
Facebook