Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վաշինգթոնն առաջարկում է գրիչ վերցնել, իսկ Փարիզը «մտրակ» տալու որոշում է կայացնում»․ Հակոբ Բադալյան

03:24, ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ.
«Վաշինգթոնն առաջարկում է գրիչ վերցնել, իսկ Փարիզը «մտրակ» տալու որոշում է կայացնում»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համաշխարհային անորոշության պայմաններում, Փաշինյանը փորձում է առավելագույնս «ներդաշնակ» լինել այդ անորոշությանը, այսինքն՝ ինքն էլ լինի հնարավորինս «անորոշ», ընդ որում՝ թե ներսում, թե դրսում:
     Նա այդ կերպ է տեսնում միջավայրի կառավարելիությունը, համարելով, որ չունի ավելի՝ որոշակի կառավարելիության ռեսուրս:
     Այդ հանգամանքը ավելի նյարդայնացնում է Արեւմուտքին, այդ իսկ պատճառով բավականին նկատելի է, թե նրան որքան ակտիվ են փորձում մղել որոշակիանալու:
     Առաջարկում եմ ֆրանսիական հրետանու տրամադրման մասին Փարիզի որոշումը դիտարկել նաեւ այս ֆոնին, եթե մեզ հետաքրքրի հարցը, թե ինչու հիմա: Այդ որոշումը կայացվում է Բայդենի եւ Մակրոնի համատեղ հայտարարությունից օրեր անց, որում անդրադարձ կար նաեւ Հարավային Կովկասին: Նկատենք, ի տարբերություն մյուս բոլոր ռեգիոնների ու հարցերի, Կովկասի առնչությամբ անդրադարձը բավականին համեստ է եւ շատ ընդհանրական: Ըստ իս, որովհետեւ այդուհանդերձ կա Փարիզի եւ Վաշինգթոնի պատկերացումների շոշափելի տարբերություն:
     Եվ այն պայմաններում, երբ վաշինգթոնյան պատվիրակությունները Հայաստանում խոսում են Հայաստանի համար պատրաստվող բավականին փքուն կարկանդակների մասին՝ որպեսզի Երեւանը ձեռքը ոչ թե մտրակ վերցնի, այլ գրիչ՝ ու ստորագրի որեւէ թուղթ Բաքվի հետ, Փարիզը կայացնում է Երեւանի ձեռքը մտրակ տալու որոշումը:
     Իսկ հնարավոր չէ՞, որ Վաշինգթոնն ու Փարիզը «բաժանած» լինեն այդ աշխատանքը: Տեսականում՝ այո, գործնականում՝ ոչ, եթե իհարկե չառաջնորդվենք կանխավարկածով, որ Վաշինգթոնն ինքը Բաքվից «ամաչում» է կամ «կաշկանդվում»: Առավել եւս, որ Ֆրանսիայի քայլը Բաքվին տալիս է «ապակառուցողականության» այսպես ասած լեգիտիմ հիմք, հետեւաբար հազիվ թե Երեւանին՝ Բաքվի հետ թուղթ ստորագրելու կարկանդակ խոստացող Վաշինգթոնը, Փարիզին էլ հորդորի Բաքվին տալ դիրքորոշումը կոշտացնելու «լեգիտիմ» հիմք:
     Այդ ֆոնին էլ առաջարկում եմ ուշադրության արժանացնել մի հանգամանքի: ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, որ հունիսի 17-ին ժամանել էր Հայաստան, կազմակերպում է աշխատանքային ճաշ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ, որոնք են՝ ԵՄ դեսպան, եւ երկու հատկանշական՝ Ֆրանսիա ու Հնդկաստան: Նկատենք, ներկայումս Հայաստանի երկու էական ռազմատեխնիկական գործընկեր երկրների դեսպաններ:
     Ու, թեեւ ամերիկացի դիվանագետը բնութագրել էր, որ «համախոհ դիվանագետների» հետ է հանդիպել, բայց ինձ թույլ կտամ այդուհանդերձ կասկածել, որ այս դեպքում գործել է դիվանագիտության հիմանական սկզբունքներից մեկը՝ «լեզուն տրված է իրական մտքերը թաքցնելու համար»:
     Իրականում կարծում եմ Ֆրանսիայի եւ Հնդկաստանի դեսպանները հրավիրվել են թերեւս «ոչ այնքան համախոհության» սկզբունքով, որքան այսպես ասած «վերադասության»:
     Իսկ ո՞րն է «մեխը»: Այն, որ ԱՄՆ բարձրաձայնում է Կենտրոնական Ասիայից Միջերկրական ծով «առեւտրային ճանապարհի» կառուցման իր ռազմավարական առաջնահերթությունը, ասելով, դրա համար կա պատմական պահ, այլապես կլինի ուշ: Իսկ այդ ճանապարհը կարող է կառուցվել միայն Թուրքիայի ու Ադրբեջանի գերակայությամբ, այլ տարբերակ պարզապես չկա: Եվ Ջեյմս Օ Բրայանը հայտարարում է, որ այդ կերպ փորձելու են թուլացնել ռուսների եւ Իրանի ազդեցությունը:
     Մինչդեռ, Ֆրանսիայի «ամբողջ կռիվը» ամերիկացի պաշտոնյայի ներկայացրած ստատուս-քվոն թույլ չտալն է, որովհետեւ Կենտրոնական Ասիայից մինչեւ Միջերկրական ծով Թուրքիայի ու Ադրբեջանի առանցքային դերը նշանակելու է ֆրանսիական կայսրության «մահվան վկայական», որովհետեւ անգամ կառավարելի դերի պարագայում, այդ դերը կառավարողը լինելու է Բրիտանիան:
     Իսկ Ֆրանսիան իր շանսը փնտրում է Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով երթուղով, առնվազն որպես մյուսին հավասարազոր գործող եւ կենսունակ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
2212 | 0
Facebook