Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱՄՆ-ն շտապեցնում է Հայաստանի իշխանությանը՝ կյանքի կոչել «Զանգեզուրի միջին միջանցք» նախագիծը»․ Նաիրի Հոխիկյան

17:18, հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ.
«ԱՄՆ-ն շտապեցնում է Հայաստանի իշխանությանը՝ կյանքի կոչել «Զանգեզուրի միջին միջանցք» նախագիծը»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Գրեթե միաժամանակ Հայաստանի իշխանական ու ընդդիմադիր առաջնորդների հետ հանդիպեցին ու հրապարակային ուղերձներ հղեցին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց շահերի սպասարկող քաղաքական ուժերը։

Նախ հունիսի 11-ին Հայաստան ժամանեց ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ երկկողմ առևտուրն ընդլայնելու, ինչպես նաև գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ է տեսնում։ Ակտիվ քննարկում եղավ ԱՄՆ և Հայաստանի իշխանությունների միջև փակ դռների հետևում։

Հետո, հունիսի 16-ին Բագրատ Սրբազանի հետ հանդիպում ունեցան ու այդ հանդիպման լուրը լայնորեն տարածեցին ամերիկյան երազանքով ու ԱՄՆ -ից սնվող ԱԺԲ կուսակցության առաջնորդները' շեշտելով համագործակցությունը խորացնելու մտադրությունը։

Դրանից ուղիղ մեկ օր անց' հունիսի 17-ին, Հայաստան ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման, ով պաշտոնական հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԳ նախարարի հետ, քննարկեց տարածաշրջանային կոնկրետ հարցեր։

Իշխանության խոհանոցից տեղեկատվական արտահոսքից իմանում ենք, որ ԱՄՆ -ն շտապեցնում է Հայաստանի իշխանությանը' օր առաջ կյանքի կոչել դեռևս 2020 թվականի պատերազմից առաջ խոստացված "Զանգեզուրի միջին միջանցք" նախագիծը, որով Ադրբեջանը ուղիղ ցամաքային անվերահսկելի կապ կունենա Նախիջևանի և Թուրքիայի հետ, ապա' դեպի Եվրոպա և հատկապես Անգլիա' Արցախից տեղափոխելով անսահման քանակության ոսկու, պղնձի, ուրանի և այլ հանքանյութեր։

Մյուս կողմից Ռուսաստանը և Իրանը թույլ չեն տալիս Հայաստանի հարավը դարձնել արևմտյան բեռնափոխադրումների անվերահսկելի հարթակ' ձգտելով իրենց հսկողության տակ պահել այն։

Այս համատեքստում պատահական չէին ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի և պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի իրար հաջորդող այցերը Հայաստան։ ԱՄՆ -ն սկսել է ավելի կոշտ միջոցներով ճնշել ՀՀ կառավարությանը' արագացնելու տված խոստման կատարումը' սպառնալով, որ եթե Նիկոլը դրժի տված խոստումը, ԱՄՆ -ն աջակցություն կհայտնի Բագրատ Սրբազանին։ ԱԺԲ-ի հունիսի 16-ի հանդիպումը Սրբազանի հետ և լայնորեն լուսաբանումը հենց այդ նպատակն ունի։

Կարևոր է, որ ազգային ընդդիմությունը զգոն լինի և չդառնա գործիք աշխարհաքաղաքական կենտրոնների ձեռքին»։

2008 | 1
Facebook