Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գլոբալ պատերազմի կուսակցությունը պարտվում է. տարոսը Փաշինյանին». Անդրանիկ Թևանյան

18:18, երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ.
«Գլոբալ պատերազմի կուսակցությունը պարտվում է. տարոսը Փաշինյանին». Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գլոբալ պատերազմի կուսակցությունը պարտվում է. տարոսը Նիկոլ Փաշինյանին
     Եվրախորհրդարանի ընտրության արդյունքները ԵՄ-ում եղանակ ստեղծող երկրներում (Ֆրանսիա, Գերմանիա) ցույց են տալիս, որ պարտվում են գլոբալ պատերազմի կուսակցության ներկայացուցիչները և գալիս են ազգային-պահպանողական դեմոկրատական ուժերի ժամանակները:
     Եվրոպական ընտրության արդյունքները նաև ցույց են տալիս, որ մերժվում է ապազգային, գլոբալիստական, գեդոնիստական արժեհամակարգը, մերժվում է Ռուսաստանի ու Իրանի դեմ Արևմուտքի սանձազերծած պատերազմը, մերժվում է արյունաբեր քաղաքականությունը, քանզի տուժում են ոչ միայն մանրադրամի ֆունկցիա կատարողները (Ուկրաինայում հարյուր հազարավոր զոհեր կան), այլ նաև ԵՄ շարքային քաղաքացիները, հարվածներ են ստանում ավանդական ինստիտուտները, իրական ժողովրդավարական արժեքները:
     Ֆրանսիայում Լե Պենի գլխավորած կուսակցության հաջողությունը շատ լավ ազդակ էր աշխարհի ազգային ու առողջ ուժերին, որ պետք է պայքարել ու մերժել անդրօվկիանոսյան կենտրոնից եկող պարտադրանքը՝ պաշտպանելով սեփական ինքնությունն ու անկախ պետականությունը: «Մայր Հայաստանի» որդեգրած քաղաքականությունն ու դավանած արժեքներն ամբողջությամբ տեղավորվում են միջազգային այդ «թրենդի» մեջ:
     Նկատենք, որ Վրաստանի իշխանությունների վարքագիծը համահունչ է ԵՄ-ի առողջ ուժերի ու գլոբալ պատերազմի կուսակցությանը մերժած ԵՄ քաղաքացիների վարքագծին: ԱՄՆ փորձում է Վրաստանը դարձնել մանրադրամ և «ա լյա» Ուկրաինա օգտագործել Ռուսաստանի դեմ: Վրաստանի իշխանությունները չեն ընդունում այդ պարտադրանքը և պայքարում են Վրաստանի ինքնիշխանության համար:
     Ի տարբերություն Վրաստանի իշխանությունների՝ Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնում են Հայաստանի ուկրաինացման ճանապարհով՝ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության մեջ մեր երկիրը դնելով զոհասեղանին: Այդ քաղաքականությունը մերժվում է ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից: Հայաստանի ներքաղաքական ճգնաժամն ասվածի վառ ապացույցն է: Իսկ դա նշանակում է, որ նիկոլական իշխանությունը դուրս է շպրտվելու քաղաքական ասպարեզից ճիշտ այնպես, ինչպես ԵՄ-ում է դուրս շպրտվում գլոբալ պատերազմի կուսակցությունը (Ֆրանսիայի նախագահ Մակրոնը խորհրդարանի արտահերթ ընտրություններ է նախաձեռնել և չի բացառել սեփական հրաժարականը): Ինչպես ասում են՝ տարոսը Նիկոլին»:

3330 | 0
Facebook