ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն են ներկայացրել ԱԺ խորհուրդ։ Առաջարկել են արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել ԱԺ ուղերձը՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին։
«Առաջարկը պաշտոնապես մուտքագրել ենք՝ 33 պատգամավորների ստորագրությամբ։ Երկուսն էլ իրենց համաձայնությունը տվել են, սակայն տեխնիկական պատճառներով դեռ չեն միացել ստորագրահավաքին: Եթե Խորհուրդն առաջարկը չընդունի, ապա օրենքի ուժով արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հակիրճ ներկայացնելով ԱԺ ուղերձի բովանդակությունը․ «Այս ուղերձով առաջարկվում է, նկատի առնելով մի շարք հանգամանքներ, առաջին հերթին այն, որ կառավարության 2021-2026թթ․ ծրագիրը տապալված է և Հայաստանը կանգնած է մարտահրավերների առաջ, որոնց հաղթահարումը պահանջում է հրատապ լուծումներ, ապա անհրաժեշտություն կա քաղաքական համաձայնությամբ խաղաղ, անցնցում եղանակով ձևավորել նոր կառավարություն՝ նոր ծրագրով»,-ասաց նա։