Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «ԱՄՆ և Ֆրանսիան Բայդենի Փարիզ այցի արդյունքում արել են համատեղ հայտարարություն, շոշափելով միջազգային օրակարգի արդիական հարցերը: Հայաստանում բնականաբար ավելի մեծ տարածում է գտել Կովկասին առնչվող հատվածը:
Արդեն հայտնի է, որ այդ կապակցությամբ Փարիզն ու Վաշինգթոնը հայտնում են, որ աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:
Այստեղ առաջանում է մի հարց. իսկ ո՞ւր մնաց ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը: Ինչո՞ւ Փարիզն ու Վաշինգթոնը դրան չեն տալիս բավարար կարևորություն, առնվազն այնքան, որ հարկ համարեին արձանագրել համատեղ հայտարարության մեջ: Այն դեպքում, երբ ուժի չկիրառման, և կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը միջազգային իրավունքի կարեւոր սկզբունքներից է, ի դեպ, ամրագրված նաեւ այդպես «մոգականացված» Ալմաթիի հռչակագրում:
Եվ սա այն դեպքում, երբ, առնվազն պաշտոնական Երեւանի հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը քաղաքական գործընթացներին մասնակցում է ուժի կիրառման սպառնալիքով»։