ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց Ոստիկանության մասին եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու փաթեթին։
«Այս օրենսդրական փաթեթով մասնավորապես նախատեսվում է մի շարք կազմակերպությունների եւ տնտեսվարողների համար սահմանել պարտականություն՝ շինության մուտքը և բոլոր կողմերը դրսից ապահովել տեսահսկման համակարգերով։ Շփոթ կա, որ այս տեղեկատվության հավաքագրումը մարդկանց մասնավոր, ընտանեկան, անձնական կյանքին միջամտություն է։ Բայց ես նշեմ՝ խոսքը հանրային տիրույթի մասին է»,- ասաց Արփինե Սարգսյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հակադարձեց՝ ասելով, որ ՀՀ քաղաքացին շատ վտանգավոր իրավիճակում է հայտնվում, որովհետև քաղաքացու ամբողջական տեղաշարժը տեսանկարահանվելու է։
«Հագուստի խանութ է, մարդը, որը մտնում է խանութ շոր գնելու, իր ամբողջական տեղաշարժը 24-ժամյա օնլայն ռեժիմով ոստիկանությանն է։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ոստիկանությունից քանի հատ արտահոսք է լինելու։ ԱԱԾ-ով, քաղավիացիայով չկարողացաք գտնել՝ ոնց է VIP սրահի վիդեոն հայտվել Տարոն Չախոյանի մոտ։ Գեղամ Մանուկյանը գնում է լոմբարդ, գրավ է դնում իր վերջին վզնոցը, ոստիկանությունը տեսանյութը վերցնում է, Տարոն Չախոյանն էլ տեսանյութը դնում է, որ Գեղամ Մանուկյանը մտել է լոմբարդ»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
«Քաղաքացին վտանգավոր իրավիճակում է հայտնվում, ամբողջ տեղաշարժը տեսանկարահանվելու է․ »․ Գեղամ Մանուկյան