ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում ջրհեղեղի պատճառած վնասների հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվում են ուսանողների կամավորական խմբեր։
Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից։
Բնական աղետի հետևանքով տուժած բնակավայրերում աշխատում են մարզային բուհերի կամավորները, ինչպես նաև երեկվանից Լոռու մարզ է մեկնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Փրկարարական գործ» մասնագիտությամբ սովորող ուսանողների 30-հոգանոց խումբը՝ 4 դասախոսների ուղեկցությամբ։
Ներկայում կամավորական աշխատանքներում ներգրավելու նպատակով ՀՀ տարբեր բուհերում ռեկտորատների և ուսանողական խորհուրդների կողմից հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակով։
Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբների կողմից, որոնք գործում են շուրջօրյա։
ՀՀ կառավարության որոշմամբ՝ հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ, ձևավորվել է օպերատիվ աշխատանքային խումբ։