Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոստիկանության ծառայողների գործողությունները համահունչ չեն իրավական պահանջին». ՓՊ նախագահ

00:18, երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ.
«Ոստիկանության ծառայողների գործողությունները համահունչ չեն իրավական պահանջին». ՓՊ նախագահ

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը գրել է. «Դեռևս 2023 թվականին` մեկ տարվա ընթացքում, ականատես եղանք փաստաբաններին ոստիկանական բաժանմունքում ծեծի ենթարկելու երկու դեպքի, ընդ որում երկու դեպքում էլ առերևույթ առկա էր պաշտպանյալի խոշտանգումը:
     Առայսօր տվյալ գործերով արդարադատության արդյունքը առկա չէ:
     Մեկ ամիս առաջ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս անհայտ անձանց կողմից խոշտանգման էր ենթարկվել քաղաքացի Սամվել Վարդանյանը:
     Ոստիկանության այսօրվա գործողությունների արդյունքում ականատես եղանք ՝
     • Թե ինչպես է 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Գրիգորյանը ոստիկանության կողմից բերման ենթարկման արդյունքում տեղափոխվում հիվանդանոց
     • Պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բազմաթիվ ոստիկանների կողմից ուժի կիրառմանը, որը վերածվել էր ծեծի՝ զուգորդված սեռական բնույթի հայհոյանքներով,
     • ըստ մամուլում հրապարակված նյութերի այլ դեպքեր ևս առկա են:
     Ոստիկանությունն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների հարգման և պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով:
     Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
     Ակնառու է, որ Ոստիկանության ծառայողների գործողությունները շարունակական են և համահունչ չեն տվյալ իրավական պահանջին:
     Ավելին, պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքով առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ:
     Այս ամենը խիստ մտահոգիչ է և դատապարտելի»:

Աղբյուրը` Սիմոն Բաբայան
1804 | 0
Facebook