Ուկրաինայում չպետք է լինեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականներ, այլապես դժվար կլինի կազմակերպությանը հեռու պահել հակամարտությունից։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում իր ելույթի ժամանակ, գրում է ТАСС-ը։
«Եթե ՆԱՏՕ-ի ուժերն ուղղակիորեն ներգրավված լինեն հակամարտության մեջ և հարձակվեն ռուսական օբյեկտների վրա, ապա մենք կհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ին դժվար կլինի հեռու պահել հակամարտությունից»,- ասել է նա՝ մեկնաբանելով Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հայտարարությունն այն մասին, որ Լեհաստանն ու Բալթյան երկրները կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա: «Մենք չպետք է ունենանք ՆԱՏՕ-ի զորքեր Ուկրաինայի երկնքում կամ երկրի վրա»,- պնդում է Սթոլթենբերգը։
Փոխարենը նա առաջարկել է ավելի շատ զենք և զինամթերք ուղարկել Կիև և վերացնել դրանց կիրառման սահմանափակումները։