Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բացեք ձեր աչքերը, տեսեք և լսեք, թե մարդիկ ինչ են մտածում ձեր մասին». Լիլիթ Գալստյան

19:24, երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ.
«Բացեք ձեր աչքերը, տեսեք և լսեք, թե մարդիկ ինչ են մտածում ձեր մասին». Լիլիթ Գալստյան

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց․ «Դուք, իհարկե, չեք գիտակցում, որ հանուն թշնամու, հանուն սեփական անփառունակ իշխանության՝ ոստիկանական մահակի ու սապոգի տակ ՀՀ քաղաքացուն ու պետությունն եք նվաստանում: Դուք նաև ոստիկանին եք ոչնչացնում՝ նրան դարձնելով համազգային ատելության թիրախ: «Լափաման» կոդային բառն էլ չի աշխատում: Այսօր նոր ձևակերպում շրջանառեցիք՝ նախկիններին, գուցե նաև ինձ՝ մեղադրելով քաղաքական գողապետության մեջ, ձեզ վերապահելով ժողովրդավարությունն ու ժողովրդի անունից խոսելու հավատամքը: Այս պատերից ու սեփական ապահովության գոտուց դուրս եկեք, բացեք ձեր աչքերը, տեսեք և լսեք, թե մարդիկ ինչ են մտածում ձեր մասին։ Հայաստանն Արևմտյան Ադրբեջան համարող ցեղասպանի հետ գործակցող, հակաիրավական գործընթացներով ՀՀ իրավազորության տարածքները թշնամուն հանձնող, Սահմանադրական կարգ տապալող, Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դրած քաղաքական ուժը դեռ շարունակում է նախկիններին մեղադրել»։

Ըստ Գալստյանի, այո, անցյալում եղել են սխալներ, որոնց համար պետք է պատասխան տալ: «Բայց դրանք հայրենիք, պետականություն ու ցեղասպանություն չեն արժեցել: Ոչ մի իշխանություն այսքան կորստաբեր չի եղել ու հարցականի տակ չի դրել պետականության ապագան, ինչպես դուք՝ իշխող ուժը: Իհարկե, ստի և մանիպուլյացիայի մեջ դուք անգերազանցելի եք։ Հենց ձեր քաղաքական ուժի ճակատից երբեք չի ջնջվելու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, կրկնապատկված Եռաբլուրը, Արցախի անվտանգային երաշխավորի ՀՀ Սահմանադրական պարտականության ուրացումը: Եվ, իհարկե, գալու է պատասխան տալու ժամանակը»,- նշեց նա։

1865 | 0
Facebook