Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՌԱԿ-ն իր զորակցությունն է հայտնում համաժողովրդական շարժմանը

22:54, երեքշաբթի, 14 մայիսի, 2024 թ.
ՀՌԱԿ-ն իր զորակցությունն է հայտնում համաժողովրդական շարժմանը

Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև սկսված «սահմանազատման և սահմանագծման» գործընթացից պարզ դարձավ, որ ՀՀ իշխող վարչախումբը մտադիր է հակառակորդին միակողմանիորեն զիջել Տավուշի մարզի չորս գյուղերի տարածքների զգալի մասը: Տեղաբնիկ ժողովուրդը` Հայ Առաքելյան եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, բնականաբար, ընդվզեց և ոտքի կանգնեց՝ թույլ չտալու այդ ապօրինի գործընթացը: Արդարացի շարժումն աստիճանաբար ընդլայնվեց և ոչ միայն ողջունեցին, այլև դրան միացան ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ սփյուռքի մեծ թվով սթափ մտածող և երկրի ու Հայոց պետականության վտանգված լինելուն ոչ անտարբեր մեր բյուրավոր հայրենակիցներ, այդ թվում` Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունը, որի մեծ թվով անդամներ առաջին իսկ պահից մասնակցում և նեցուկ են Շարժմանը:
     Հանուն հայ ժողովրդի լուսավոր ապագայի, հայոց անխախտ պետականության, Սահմանադրության և բոլոր օրենքների անշեղ պահպանման` Շարժումն օրըստօրե ծավալվում ու թափ է հավաքում: Միաժամանակ, այն աստիճանաբար բացահայտում է հայրենանվեր ծրագրերի կողմնակիցներին ու սոսկ անձնական շահերով առաջնորդվող պատեհապաշտներին:

Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունը (գտնվում է պետական գրանցման գործընթացում), խորությամբ տեղյակ լինելով Հայրենիքին ու հայ ժողովրդին սպառնացող վտանգներին և գիտակցելով պահի լրջությունը, իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը և հայտարարում է, որ բոլոր հնարավոր միջոցներով կսատարի դրան:
     ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՌԱՄԿԱՎԱՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1925 | 0
Facebook