Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Մանիպուլյացիան շրջանառության մեջ է դրվել պաշտոնական Երևանի ջանքով». Հակոբ Բադալյան

01:36, չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ.
«Մանիպուլյացիան շրջանառության մեջ է դրվել պաշտոնական Երևանի ջանքով». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մեր ժամանակի ամենամեծ մանիպուլյացիաներից մեկն էլ այն է, թե Արցախը հրաժարվել է ԱՄՆ առաջարկած բանակցություններից՝ Բաքվի հետ: Իհարկե, հասկանալի է, որ այդ մանիպուլյացիան շրջանառության մեջ է դրվել պաշտոնական Երեւանի ջանքով՝ ինքնարդարացման համար:
     Շատերը դրան տրվում են գուցե միանգամայն անկեղծ, իսկապես հավատալով, թե եղել է բանակցության առաջարկ եւ Արցախի հրաժարում, այն դեպքում, երբ ըստ էության եղել է պարզապես «ռեինտեգրացիայի» վերջնագիր: Ընդ որում, նույնիսկ այդ պարագայում չի եղել հրաժարում, այլ ընդամենը քննարկումներ բանակցության դետալների շուրջ: Ընդ որում, երկու դեպքում էլ Արցախը տվել է հանդիպելու իր համաձայնությունը եւ խոշոր հաշվով հրաժարվողը եղել է Բաքուն, երբ չեն ընդունվել ռեինտեգրացիայի՝ նրա անվերապահ պայմանները:
     Հիմա, իհարկե, բավականին հեշտ է ասել՝ ընդունեիք, գոնե բանը չէր հասնի արյունալի վերջաբանի: Ի դեպ, ինչպես որ շատերն, այդ նույն տրամաբանությամբ էլ պաշտոնական Երեւանին են մեղադրում՝ 44-օրյայից առաջ զիջումներ չընդունելու համար:
     Ես նաեւ այդ առնչությամբ եմ արտահայտել դիրքորոշումս, որ շատ հեշտ է խոսել պոստֆակտում եւ ներկայացնել մեղադրանքներ, չպատկերացնելով բուն պահի, բուն իրավիճակի հանգամանքներն ու խնդիրները:
     Այո, երբ զոհասեղանին դրվում են մարդկային կյանքեր, էլիտաներից պահանջվում է չափազանց մեծ խոհեմություն: Բայց, երբ այդ հարցադրումները հասարակություններում ձեւավորվում են առավելապես տեղեկատվա-քարոզչական մանիպուլյացիաների բովանդակությամբ եւ շեշտադրումներով՝ կամա, թե ակամա, ստեղծվում են ոչ թե հաջորդիվ գոնե խոհեմության նախադրյալներ, այլ ընդամենը՝ հաջորդ մանիպուլյացիաների»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
3066 | 0
Facebook