ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հանրահավաքի բեմից ներկայացրեց Բագրատ Սրբազանի խնդրանքով մշակված փաստաթուղթ` նշելով, որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի։
«Սահմանազատման գործընթացի համար իրավական հիմք է ծառայում բանակցող կողմերի` համատեղ ընդունված մեթոդաբանությունը՝ հիմնվելով վավերական և իրավական ուժ ունեցող` ԽՍՀՄ ներպետական ակտերի վրա։ Հետևաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը որևէ կերպ չի կարող նման հիմք հանդիսանալ, քանի որ չի պարունակում սահմանային որևէ նկարագիր։ Հռչակագիրը ենթադրում է միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններ չներկայացնելու պահանջը: Հռչակագրին կցված չեն քարտեզներ: Պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխում մինչև հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը։ Սահմանազատման և սահմանագծման համար առաջին հերթին անհրաժեշտ է միջպետական համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ վավերացրած խորհրդարանների կողմից։
Եթե այդ գործընթացի ընթացքում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ՀՀ որևէ տարածք կարող է անցնել Ադրբեջանին, ապա հարցը պետք է դրվի հանրաքվեի։ Ուստի, եզրակացությունը մեկն է՝ այդ գործընթացն անօրինական է և հակասահմանադրական», - հայտարարեց Մելիքյանը։