«Ո՞ւր ենք գնում, Եվրոպա՛: Ո՞ւմն է Վրաստանը, մե՛րն է: Ո՛չ ռուսական օրենքին»: Այս կարգախոսով երիտասարդներն այսօր կրկին հավաքվել էին Թբիլիսիի Ռուսաթավելիի պողոտայում գտնվող Խորհդարանի շենքի դիմաց: Նրանք երթով շարժվում են դեպի նախագահի նստավայր, գրում է aliq.ge-ն:
«Այսօր երիտասարդների կողմից ինքնաբուխ կազմակերպվող ակցիաների երրորդ օրն է։ «Մենք պետք է մեր ձայնը հասցնենք բոլորին»,- ասում են երթի մասնակից երիտասարդները և Վրաստանի կառավարությունից պահանջում հետ կանչել «գործակալների օրենքը»։
Երթի մասնակիցներն ասել են, որ նախատեսում են հանդիպել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Նրանց խոսքով, նախագահն ինքն է պատրաստակամություն հայտնել` հանդիպելու իրենց:
Ըստ նրանց՝ Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո երթով շարժվելու են դեպի կառավարության շենք:
Formulanews լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս պահին հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի իշխող «Վրացական երազանք» կուսկացության կենտրոնական գրասենյակ։
Ապրիլի 15-ից Թբիլիսիում ամեն օր բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ «ռուսական օրենքի»։ Հանրահավաքի մասնակիցները պահանջում են կառավարությունից հետ կանչել օրենքի նախագիծը։