Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միայն զինծառայողների դեպքում է, որ ատեստացիան «երկաթյա սկզբունք» է դարձել». Տիգրան Աբրահամյան

20:48, երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.
«Միայն զինծառայողների դեպքում է, որ ատեստացիան «երկաթյա սկզբունք» է դարձել». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարության վերջին որոշումներից մեկով նախատեսվում է ՆԳՆ ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն իրականացնող զինծառայողների համար 20.000–ական դրամի փոխարեն սահմանել 70․000-ական դրամ ամսական հավելում։
     Ինքս տարբեր առիթներով` հրապարակային և գրավոր (փակ) տեքստով, առաջարկել եմ զինծառայողների, առաջին հերթին դիրքապահ անձնակազմի աշխատավարձը` բազային կամ հավելավճարային ձևով բարձրացնել, տվել դրա բոլոր հիմնավորումները, սակայն ի պատասխան, մշտապես նշել են, որ այդ բարձրացումը կառավարությունը պատկերացնում է ատեստացիայի համակարգի միջոցով:
     Այս 2-3 տարվա ընթացքում քննիչներից, դատախազներից մինչև ոստիկանություն, շատ դեպքերում շրջանցվել է ատեստացիայի տրամաբանությունը և տարբեր ձևերով աշխատավարձ (հավելավճար, պարգևավճար և այլն) է բարձրացվել ու միայն զինծառայողների դեպքում է, որ ատեստացիան «երկաթյա սկզբունք» է դարձել:
     Ինձ մշտապես պատասխանում են, որ առանց որակական ցուցանիշների անհրաժեշտ մակարդակի, գումարի բարձրացումը նպատակահարմար չեն համարում, սակայն ոստիկանության կամ մյուս համակարգերի դեպքում, կարծես, այդ առաջնահերթությունը չի գործում կամ մասամբ է աշխատում:
     Վերջին շրջանում, իմ բազմաթիվ ահազանգերից ու հիմնավոր առաջարկներից հետո ՊՆ-ից հայտնեցին, որ մարտական հերթապահության գումարների հարցը քննարկվում է, սակայն իշխանությունը բանակը երրորդ պլան են մղել և զինծառայողների հետ կապված հարցը թողել վերջում:
     Առանձին ոստիկանները, ովքեր տարբեր իրավիճակներում ապօրինություններով, խուլիգանություններով կամ բռնությամբ են աչքի ընկել մի կողմ (օրենքի առաջ պետք է պատասխան տան), ես դեմ չեմ, որ ոստիկանությունում ևս բարձրացումներ լինեն, սակայն զինված ուժերում բարձրացումները պետք է անհամեմատ բարձր լինեն:
     Բոլորը խոսում են հնարավոր պատերազմից, արտաքին վտանգներից, սակայն թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում:
     Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա»:

1588 | 0
Facebook