Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եկեղեցին ոչ թե կարող է, այլ պարտավոր է զբաղվել քաղաքականությամբ»․ Սոս Հակոբյան

15:18, կիրակի, 14 ապրիլի, 2024 թ.
«Եկեղեցին ոչ թե կարող է, այլ պարտավոր է զբաղվել քաղաքականությամբ»․ Սոս Հակոբյան

Փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաճախ հանրային դիսկուրսում հարց/ պնդում է հնչում, թե այս կամ այն մարդը, կազմակերպությունը չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Հարց տվողները կամ պնդում անողները վստահ եմ, որ չեն էլ խորանում այդ հարցի էության մեջ։
     Քաղաքականությամբ զբաղվելու երկու հարթություն եկեք առանձնացնենք.
     1. հանրային հետաքրություն, հանրային շահ ենթադրող թեմաների վերաբերյալ կարծիքի արտահայտում, գաղափարների քարոզ, ինչու չէ՝ դրանց պարտադրում ժողովրդավարական գործիքներով ճնշում բանեցնելու միջոցով (քաղաքականություն լայն իմաստով),
     2. վերը նշվածը, գումարած քաղաքական կուսակցությունների ստեղծում, նախընտրական ցուցակների կազմում և ընտրություններին մասնակցություն (քաղաքականոթյուն նեղ իմաստով)։
     1-ին հարթությունում, հանրության բոլոր շերտերը՝ քաղաքացիները, բիզնեսը, հանրային և կրոնական կազմակերպությունները ուղղակի շահառու են, ամենապարզը այն պատճառով, որ անձամբ քաղում են հանրային շահ ենթադրող հարցի վերաբերյալ իշխանությունների որոշումների դառը կամ քաղցր պտուղները։ Այլ կերպ ասած, իշխանությունների որոշումների արդյունքի կամ հետևանքի ուղղակի շահառուներն են։
     Բա, եթե խոսքը գնում է երկրի/ պետության տարածքային ամբողջականության մասին, ավելի պարզ՝ քո երկրի այս կամ այն գյուղը թշնամուն հանձնել-չհանձնելու, խաղաղության, թե պատերազմին պատրաստ լինելու, առհասարակ՝ արտաքին անվտանգային մարտահրավերների մասին, արդյո՞ք Հայաստանում կա մի շնչավոր էակ, ով այս հարցերի մասին կարող է կարծիք չունենալու ու այս կամ այն կերպով և ինտենսիվությամբ այդ կարծիքը առաջ չտանելու իրավունք ունենալ։
     Եթե ցանկացած անհատի համար այս հարցերը կենսական են, ու եթե համաձայնվում ենք, որ ցանկացած անհատ պետք է ներազդի այդ գործընթացների վրա, որովհետև այդ հարցերի մասով գոնե պատասխանատու է ոչ միայն իր, այլ նաև՝ իր սերնդի առաջ, ապա ինչպես կարող ենք պատկերացնել, որ մի անբողջ ժողովրդի ապրել-չապրելու, հայրենիք-պետություն ունենալ չունենալու հարցով անհանգիստ ու մասնակից չլինի ինստիտուցիոնալ շարունակականության առումով ամենակայուն և կայացած ազգային կառույցը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։
     Հակառակը, Եկեղեցուն գուցե կարելի է քննադատել, որ ավելի շուտ չի արձագանքել այնպես, ինչպես անում է ներկայում, որ ավելի ինտենսիվ չի լծվել պրոցեսներին, բայց մեղադրելը որ իրենք լուռ և իներտ չեն մահացող պետության և հասարակության նկատմամբ առնվազն ապուշություն է։
     Դեռևս որևէ անգամ Եկեղեցին չի հայտարարել կուսակցական ցուցակներով ընտրություններին մասնակցելու ցանկության մասին, հետևաբար, անգամ քննարկումը Եկեղեցու (նեղ իմաստով) քաղաքական գործունեությամբ զբաղվելու մասին նիկոլական ջրաղացը ջուլ լցնելու դրսևորում է, ուրիշ ոչինչ։
     Ինչ-որ մի օր Եկեղեցին պետք է հայրենիքը վաճառելու դեմ արշավ մեկնարկի Երևանի սրտում՝ փաստացի անվստահություն հայտնելով իշխանությանը և ի ցույց դնելով իր բացարձակ լեգիտիմությունը։
     Չկա հասարակության որևէ սուբյեկտ, որը պարտավոր չէ ակտիվորեն արձագանքել եղած վիճակին»։

Աղբյուրը` Սոս Հակոբյան
1395 | 0
Facebook