Մոսկվայում ԵՄ երկրների դեսպանները հրաժարվել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից: Այս մասին ասել է ինքը՝ Լավրովը։ Եվրոմիության ներկայացուցչությունում РБК-ին հայտնել են, որ մերժումը պայմանավորված է Ռուսաստանի ԱԳՆ-ի նկատմամբ վստահության ցածր մակարդակով: Սերգեյ Լավրովը պատմել է, որ եվրոպացի դիվանագետների հետ հանդիպումը պետք է նվիրված լիներ Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Սակայն, Լավրովի խոսքով, նշանակված միջոցառումից երկու օր առաջ ԱԳՆ-ը հաղորդագրություն է ստացել, որ դեսպանները հանդիպմանը չեն մասնակցելու:
«Մեզ հրավիրել են՝ քննարկելու ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, բայց նախարար Լավրովն ասում է, որ պատրաստվում է մեզ խրատներ տալ։ Դա ապացուցում է, որ մենք ճիշտ ենք վարվել՝ մերժելով հրավերը»,- հավելել են ԵՄ ներկայացուցչությունում՝ նշելով, որ բացասական պատասխանի վրա ազդել է նաև փետրվարի 16-ին ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու մահը, և այն, որ նրա մահվան պատճառների անկախ միջազգային հետաքննության վերաբերյալ ԵՄ կոչերն անուշադրության են մատնվել: