Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը». Նիկոլաոս Դենդիաս

22:54, երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ.
«Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը». Նիկոլաոս Դենդիաս

Մարտի 4-ին՝ ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում, Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասն առանձնազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը, 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։
     Այսօր Նիկոլաոս Դենդիասը՝ Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է․«Մեր քննարկումների ընթացքում մենք տարբեր գործնական եղանակներով հնարավորություններ քննարկեցինք, թե ինչպես կարող ենք երկկողմ հարաբերությունները զարգացնել։ Ստորագրել ենք այս տարվա շրջանակում ռազմական համագործակցության ծրագրեր, որոնք անշուշտ երկու երկրների զինված ուժերին ավելի կմտերմացնեն»։
     Նիկոլաոս Դենդիասը խոսելով տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին՝ ասել է․ «Հունաստանը հաստատակամորեն հավատում է, որ տարաձայնությունները կարող են կարգավորվել խաղաղ միջոցներով։ Մենք կտրականապես դեմ ենք այս տարածաշրջանում ցանկացած միակողմանի ռազմական գործողությունների։ Մենք նաև աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը՝ միջազգային օրենքի շրջանակում»։

846 | 0
Facebook