Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հրապարակային ներողություն կխնդրի Էդգար Ղազարյանից և կվճարի 1 մլն դրամ

23:18, ուրբաթ, 01 մարտի, 2024 թ.
ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հրապարակային ներողություն կխնդրի Էդգար Ղազարյանից և կվճարի 1 մլն դրամ

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Կոստանյանը փետրվարի 28-ին վճիռ է հրապարակել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հայցով՝ ընդդեմ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի: Դատարանը վերջինիս պարտավորեցրել է Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար հրապարակային ներողություն խնդրել ու փոխհատուցում վճարել 1 մլն դրամի չափով։

Դատարանը վճռել է`

1․ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի հայցն ընդդեմ Ռուստամ Զուրբայի Բաքոյանի՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարել մասնակի։

1․1․ Ռուստամ Զուրբայի Բաքոյանին պարտավորեցնել ներողություն խնդրել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից վիրավորական արտահայտությունների համար հրապարակային հետևյալ տեքստով․ «Ես՝ Ռուստամ Զուրբայի Բաքոյանս, ներողություն եմ խնդրում Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից «Դուք ուղեղ չունեք», «էս անուղեղին բացատրեք…», «Ա՛յ պարոն խեղկատակ», «Դուք Ձեր ժողովրդի զավակը չեք», «Տո ի՞նչ բացատրի էս խեղկատակը», «Անասուն», «Դու թյուրիմացություն ես», «Դու չկաս էնքան, որ պատասխանես հարցերին», «Ա՛յ տիկին Ղազարյան, քեզ խի են բերել ստեղ», «Դու շատ փոքր ես, լսո՞ւմ ես, արա՛, դու շատ փոքր ես, այ տղա», «Սուս մնա, արա՛» վիրավորական արտահայտությունների համար։

1․2․ Ներողության տեքստը հրապարակել վիրավորական արտահայտություններ պարունակող տեսանյութը սկզբնապես հրապարակած կայքի (ՀՀ ազգային ժողովի «Youtube.com» սոցիալական կայքի պաշտոնական էջում կամ «1in TV» լրատվականի «Youtube.com» սոցիալական կայքի պաշտոնական էջում) միջոցով:

2․ Ռուստամ Զուրբայի Բաքոյանից հօգուտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի բռնագանձել 1,000,000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար ոչ նյութական վնասի հատուցում։

3․ Հայցը՝ մնացած մասով, մերժել։

4․ Ռուստամ Զուրբայի Բաքոյանից հօգուտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի բռնագանձել 200,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

5․ Ռուստամ Զուրբայի Բաքոյանից հօգուտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի բռնագանձել 50,000 ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցապահանջի մասով վճարված պետական տուրքի գումար։

6․ Մնացած մասով պետական տուրքի հարցը համարել լուծված։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանն ընդդեմ Ռուստամ Բաքոյանի հայցադիմումը դատարան ներկայացրել էր նախորդ տարվա ապրիլի 9-ին: Դիմելով Դատարան՝ հայցվորը հայտնել է, որ 2023 թ. ապրիլի 4-ին հրավիրվել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկելու նպատակով: Նիստն ի սկզբանե տապալվել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների կողմից: Հանձնաժողովի նիստին, որին մասնակցել են ինչպես հանձնաժողովի անդամները, այնպես էլ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի տասնյակ այլ պատգամավորներ, սույն խմբակցության անդամները խոչընդոտել են Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածու Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի ելույթը՝ հնչեցնելով սադրիչ և բնույթով վիրավորական արտահայտություններ՝ ակնհայտ բացասական, ծաղրող հնչերանգով՝ զուգորդելով դրանք հեգնանքով և ծիծաղով: Նիստի ընթացքում Ոուստամ Զուրբայի Բաքոյանը բազմիցս ակնհայտ բացասական, վիրավորական հնչերանգով, հասարակության շրջանում անձին նսեմացնող, չափազանց կոպիտ, պատգամավորին անհարիր բառապաշարով վիրավորանք հանդիսացող արտահայտություններ է հնչեցրել հայցվորի հասցեին…Ավելին, Բաքոյանը Էդգար Ղազարյանի վերաբերյալ հնչեցրել է նաև զրպարտություն համարվող արտահայտություններ, մասնավորապես՝ «Թմրանյութ դու ու քո նմաններն եք օգտագործում, անուղե՛ղ»: Նկատենք, որ այդ օրը Ռուստամ Բաքոյանը միակը չէր. խուլիգանական վարքագիծ դրսևորեց նաև ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

3331 | 0
Facebook