Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չհաջողվեց ոչ միայն անկախ պետություն կայացնել, այլև անգամ «Զվարթնոց» օդանավակայանը կարգի բերել». Նարինե Մկրտչյան

23:18, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ.
«Չհաջողվեց ոչ միայն անկախ պետություն կայացնել, այլև անգամ «Զվարթնոց» օդանավակայանը կարգի բերել». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը միշտ եղել է Հայաստանի՝ տվյալ ժամանակաշրջանի արտացոլանքը՝ իշխանության և հանրության արատավոր բարքերի, թերակատար բարեփոխումների խտացումը։
     Այսօր լուսադեմին օդանավակայանի ժամանման սրահը երևանյան ռեստորան էր հիշեցնում․ դհոլ-զուռնա, գոռում-գոչյուն, խմբված տղամարդիկ, փուչիկներ։ Ովքե՞ր էին, ո՞ւմ էին դիմավորում, ո՞վ է իրավունք տվել ՀՀ միջազգային օդանավակայանը վերածել երգ ու պարի հավաքատեղիի։
     Ժամանման սրահից բարձրանում եմ մեկնման սրահ, ուր ԱԱԾ սահմանապահ զորքերի պատուհանների մոտ հնդիկների հսկայական հերթ է, գետնին նստած, կիսապառկած մեծաթիվ հնդիկներն ու մյուս ասիացիները գրեթե փակել են անցուդարձն օդանավակայանի այդ հատվածում՝ Երևանի օդանավակայանի փոքր չափերի համար սա մեծ անհարմարություն էր առաջացնում․ ասիացիները, ճիշտ է, ոչ մի վատ բան չէին անում, սակայն իրենց նեղություն չէին տալիս անգամ պայուսակները մի կողմ դնել, որ անցուդարձը չխաթարվի։
     Թանկարժեք ավտոկայանատեղիից դուրս եմ գալիս, աղջիկս զանգահարում է և բողոքում, որ անվտանգության ստուգման ժամանակ աշխատակցուհին իրեն դարձյալ ռուսերենով է դիմել։ Երբ աղջիկս բողոքել է և ասել, որ ինքը հայերեն է խոսում, աշխատակցուհին անվրդով արձագանքել է՝ «Լավ եք անում»։
     Մինչ ԱԺ նախագահը իրավացիորեն ուզում է «Զվարթնոցից» դուրս բերել ռուս սահմանապահներին, լավ կլինի զուգահեռ կամ դրանից առաջ օդանավակայնի աշխատողներից պահանջել նախ՝ չխախտել Լեզվի մասին ՀՀ օրենքը, երկրորդ՝ ուղևորների հետ հաղորդակցվելուց առաջ հարցնել, թե ինչ լեզվով են խոսում, ինչպես վարվում են արտերկրի օդանավակայաններում։
     «Զվարթնոց» օդանավակայանը միշտ էլ Երևանի այցեքարտն է համարվել։ Ժամանակին օդանավակայանից մայրաքաղաք ձգվող ճանապարհին խաղատների մեծաթիվ գովազդը վկայում էր, թե ինչպես է իշխանությունը նախընտրում փող աշխատել, թե ինչ բարքեր են խրախուսվում երկրում։
     Այսօր արդեն օդանավակայանում դղրդացող դհոլ-զուռնան, ՀՀ քաղաքացիներին ռուսերենով դիմող անվտանգության աշխատակցուհին, վրադ գրոհող տաքսիստներն ի ցույց են դնում ինքնակազմաքանդվող պետության ցավալի պատկերը։
     Մեզ՝ հայերիս, ցավալիորեն չհաջողվեց ոչ միայն անկախ պետություն կայացնել, այլև անգամ «Զվարթնոց» օդանավակայանը կարգի բերել»։

2622 | 0
Facebook