Եվրոխորհրդարանը երեքշաբթի Ստրասբուրգում քննարկել է Հայաստանի հետ Եվրոմիության կապերի ամրապնդումը: Խորհրդարանականներն աջակցում են Բաքվի հետ երկկողմ և բազմակողմ քննարկումները շարունակելու Երևանի ջանքերին՝ խաղաղ համաձայնության հասնելու համար, և կոչ են անում ադրբեջանական իշխանություններին` ավարտել խաղաղ գործընթացը: Սակայն պարզապես բանակցություններ վարելը բավարար չէ, կարծում է Եվրոխորհրդարանի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն:
«Դրանք ընթանում են, բայց ավելի ու ավելի են ձգձգվում։ Մենք պետք է մեկընդմիշտ համոզենք Բաքվին և Մոսկվային՝ հարգել ժողովրդավարությունը և հայ ժողովրդին, որը հույսը դնում է մեզ վրա։ ԵՄ երկրները պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին, որը վերապատրաստում է հայ զինվորներին և Երևանին սպառազինություն տրամադրում»,- ասել է նա։
«Բաքուն պետք է իմանա, որ մենք չենք հանդուրժի Հայաստանի ինքնիշխանության որևէ խախտում»,- նշել է ԵԽ իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն: Մյուս պատգամավորները կոչ են արել ԵՄ-ին ավելի հաստատակամ երկխոսություն սկսել Բաքվի հետ, հետևողական քաղաքականություն վարել նրա նկատմամբ և չկիրառել «երկակի ստանդարտներ»։