Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը սողանքային Ողջաբերդ գյուղի 106 ընտանիքներին վերաբնակեցնելու ծրագիր չունի

20:06, երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ.
Կառավարությունը սողանքային Ողջաբերդ գյուղի 106 ընտանիքներին վերաբնակեցնելու ծրագիր չունի

«Հետքը» գրում է․ «Չարենցի կամար» հուշարձանին նայող այս տունը Ողջաբերդ գյուղի սողանքների պատճառով մեկ տասնամյակ առաջ անբնակելի պետք է համարվեր։ Պատերի շաղախը որքան էլ ամուր լիներ՝ ի զորու չէր կասեցնելու հողի սահքը, որն այս գյուղում սկսվել է 50 տարի առաջ։

Տանտիրուհին՝ Թամարա Շահբազյանը, ցույց է տալիս վաղուց խորդանոցի վերածված ճաշասենյակի քանդված պատերը։ Ներսից շորեր են խցկել առաջացած խորշերում, դրսից պարբերաբար փորձում են շաղախով իրար մոտեցնել հեռացող պատերը՝ օձ ու կարիճի մուտքը կանխելու համար։
     «Տան այս հատվածը վաղուց բնակելի չէ, տարիներ սպասում էինք, որ գումար տան՝ տուն գնելու համար։ Հետո տեսանք, որ էդպես ապրել չի լինում, 6 տարի առաջ նոր ճաշասենյակ կառուցեցինք»,– սողանքի հետևանքով կիսաքանդ տան վիճակը ցույց տալով՝ պատմում է տանտիրուհին։ Նորակառույց ճաշասենյակի պատերը նույնպես ճեղքեր են տվել։

Թամարա Շահբազյանի մեկհարկանի տունը 4–րդ կարգի վթարայնություն ունի։ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը 2022թ․–ին Ողջաբերդ գյուղում տեխնիկական վիճակի հետազոտություն է կատարել։ Դրա հիման վրա 4–րդ և 5–րդ կարգի վթարայնության կարգավիճակ ստացած 15 ընտանիքի կառավարությունը բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) է տվել։

Բնակարան ձեռք բերելու համար նրանց երեք ամիս ժամանակ էր տրվել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) «Հետք»–ին տեղեկացրել է, որ բնակարանի գնման վկայագրեր ստացած շահառուներից 12–ը բնակարանի գնման առքուվաճառքի պայմանագիր է կնքել, իսկ երեք ընտանիք հրաժարվել է վերաբնակեցումից։

Երեքից մեկը Թամարա Շահբազյանի ընտանիքն է, որին սահմանված ժամկետում չի հաջողվել տուն գտնել, և կորցրել են այդ հնարավորությունը։ Կառավարության հուլիսի 7–ի որոշումով մինչև դեկտեմբերի 20-ը կարող էին իրացնել ԲԳՎ–ն` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության։ ԲԳՎ–ն իրացնելու համար սահմանված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված։

Թամարա Շահզբազյանին նախատեսվել էր հատկացնել 13 մլն 645 հազար դրամ, որով նա 55 քմ մակերես ունեցող երկսենյականոց բնակարան պետք է ձեռք բերեր։

«Այդ գումարի սահմանում Աբովյան քաղաքի մի կիսակառույցում բնակտարածք գտանք, որը գնելու համար մենք պետք է 3000 դոլար ավելացնեինք, հետո մեր միջոցներով ավարտեինք ներսի կառուցումը ու դարձնեինք բնակելի։ Կոտայքի մարզպետարանը չհամաձայնեց այդ տարբերակին։ Ասացին, որ պատրաստի տուն պետք է լինի, որպեսզի մտնեք ու ապրեք»,– հայտնեց Թամարա Շահբազյանը։

Կառավարության առաջադրած պայմանների շրջանակում Սևան քաղաքում են բնակարան գտել, բայց քանի որ որդին Երևանում է աշխատում, չեն ցանկացել Սևան տեղափոխվել։ Երրորդ տարբերակը «Զվարթնոց» օդակայանին մոտ գյուղերից մեկում էր։ «Հողաշեն հին տուն էր, մեզ տրվող գումարը դրան էլ չէր բավականացնում, 6000 դոլար պետք է ավելացնեինք վրան։ Մարզպետարանն այս տարբերակին համաձայն էր, բայց տունն այնպիսի վիճակում էր, որ գնելուց հետո պետք է քանդեինք, նոր տուն կառուցեինք տեղում։ Մենք դրա հնարավորությունը չունեինք»,– պատմում է տանտերը։

Ընդգծենք, որ կառավարությունն այդ գումարը ոչ թե սողանքային գոտում գտնվող սեփականատերերի գույքի դիմաց փոխհատուցում է համարել, այլ, ինչպես նշված է Կառավարության 2022թ․ հուլիսի 7–ի որոշման մեջ՝ «ֆինանսական աջակցություն»։ Գումարի չափի հաշվարկման համար հիմք է ընդունվել՝

ընտանիքի կազմին համապատասխան հասանելիք բնակարանի սենյակների թիվը,
     Կադաստրի կոմիտեի հրապարակած՝ Աբովյան համայնքի բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառ. մետրի համար 2022թ․ ապրիլին ձևավորված շուկայական գինը՝ 248.1 հազար դրամ:
     Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

1352 | 0
Facebook