«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախկին նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյուղը պետության հիմնական հենասյուներից է, գյուղատնտեսության ոլորտը պետք է ապահովի երկրի պարենային անվտանգությունը։ Օրվա իշխանությունները, ինչպես բոլոր ոլորտներում, «բարեփոխումների» անվան տակ, առանց հիմնավոր հաշվարկների, իրականացնում են կիսատ-պռատ գործառույթներ՝ քիչ թե շատ ձևավորված համակարգերը տանելով կազմաքանդման, ինչը հիմա արվում է գյուղի և գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝
1. Հայաստանի բնակչության կեսից ավելին գյուղաբնակներ են, իսկ գյուղատնտեսության ոլորտն ունի ռազմավարական նշանակություն, ինչը չխանգարեց լուծարել գյուղատնտեսության նախարարությունը։
2. Համայնքների խոշորացում իրականացնելով՝ իշխանությունների տեսադաշտում են հիմնականում վարչական կենտրոնները, իսկ ծայրամասային գյուղերը մատնված են անտերության՝ վերածվելով յայլաների։
3. Գյուղացու հաշվին, առանց ձևավորված ենթակառուցվածքների, ուժի պարտադրանքով «ներդնում» են սպանդանոցային մորթը՝ ստեղծելով նախապայման անտեսված ոլորտը կազմաքանդելու։
4. Իշխանությունների հովանու ներքո օլիգարխները, գերշահույթ ապահովելու նպատակով, ներկրում են կենդանի անասուններ, որոնք իրացնում են որպես տեղական միս՝ շուկայում իրականացնելով դեպպինգ, որը հանգեցնում է անասնագլխաքանակի կրճատման՝ միաժամանակ տեղափոխելով տարատեսակ հիվանդություններ, ինչի ականատեսը եղանք Կոտայքի մարզում խոզերի անկման դեպքում, իսկ իշխանությունները ոչ մի կանխարգելիչ միջոցառումներ չեն նախաձեռնում համաճարակը չտարածվելու համար՝ բավարարվելով միայն զգուշացմամբ։
5. Սակավահող Հայաստանի վարելահողերի կեսից ավելին չի մշակվում, չնայած պետությունը 2022թ-ին սուբսիդավորեց աշնանացան ցորենի սերմնացուն, որը նպաստեց ցանկատարածությունների ավելացման, բայց հաջորդ տարի գյուղացին հողը կրկին թողեց անմշակ, պատճառը՝ բնական աղետի ժամանակ կրծողները ոչնչացրին ցանկատարածքները՝ գյուղացուն թողնելով մենակ, միաժամանակ՝ խոշոր ներկրողները, կրկին գերշահույթ ստանալու նպատակով, հաստատեցին 80-90 դրամ 1կգ ցորենի համար, որը ցածր է ինքնարժեքից։
6. Հիմա էլ փորձում են հարկել արտագնա աշխատանքի մեկնողներին, որոնց մեծ մասը գյուղաբնակներ են։ Պետությունը չապահովելով անհրաժեշտ աշխատատեղ և մարդիկ իրենց ընտանիքների գոյատևումն ապահովելու համար պարտադրված մեկնում են արտերկիր աշխատելու։ Թերուս խմբակը փորձում է հարկել որպեսզի շարունակեն միլիոների հասնող աշխատավարձերը և պարգևավճարներն իրենց համար ապահովեն։
Հ․Գ․ ՀՀ «հպարտ քաղաքացիները» ոչ միայն դարձան տուգանքի մատերիալ, այլև պոտենցիալ հանցագործ, ցանկացածին կարող են քրեական հոդված կպցնել, իսկ արտագնա աշխատողները, որոնք արյուն քրտինքով օտարության մեջ ընտանիքի հացի խնդիր են լուծում դառնում են մերօրյա հակահերոսներ»։