Ուկրաինա են մատակարարվել տասնյակ M113 զրահափոխադրիչներ, մոտ ապագայում սպասվում է ևս մի քանի հարյուրի ժամանումը։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Ռուստեմ Ումերովը:
«Մենք ստացել ենք նոր M113 զրահափոխադրիչներ՝ վիրավորներին տարհանելու համար։ Տասնյակ տարհանման զրահամեքենաներ արդեն հասել են Ուկրաինա»,- ասել է նա։
Ումերովը չի հստակեցրել, թե որ երկրից է մատակարարվել զրահատեխնիկան և հայտարարել է, որ դրանք արդեն փոխանցվել են Ուկրաինայի Զինված ուժերին։
Մինչ այս Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել էր, որ արևմտյան երկրները պետք է Կիևին փոխանցեն բացարձակապես ողջ սպառազինությունն ու տեխնիկան։