ԵՄ-ն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով հավելյալ 5․5 մլն եվրո կհատկացնի
Եվրոպական հանձնաժողովը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով հավելյալ 5․5 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի: Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից: «Մարդկանցից շատերն, ովքեր Հայաստան են տեղահանվել նախորդ տարի տեղի ունեցած լայնածավալ արտագաղթի ընթացքում, իրենց հետ վերցրել են որոշ իրեր, իսկ երբեմն ոչինչ՝ այսպիսով ապավինելով արտակարգ օգնության հասանելիությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Մարդասիրական գործընկերների միջոցով Եվրոպական միությունը նպատակ ունի աջակցելու կարիքի մեջ մարդկանց համար սննդի, ապաստարանի, առողջապահական խնամքի և հոգեկան առողջության խնամքի ծառայությունների հասանելիությունը և պաշտպանությունը։ Ընդգծելով Եվրոպական միության մարդասիրական աջակցությունը ԼՂ հայերին՝ ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը նշել է. «Այս ձմեռն առաջինն է նախորդ տարվա աշնանը դեպի Հայաստան փախուստի դիմած հազարավոր Ղարաբաղի հայերի համար։ Այս դժվար ժամանակներում առավել կարիքավոր մարդկանց պաշտպանություն և օգնություն ցուցաբերելը մեր մարդասիրական պարտքն է: Այս նոր 5․5 մլն․ եվրո ֆինանսավորման միջոցով մենք նպատակ ունենք էլ ավելի ամրապնդել ԵՄ ընթացիկ մարդասիրական արձագանքը Հայաստանում գտնվող տեղահանվածներին՝ ապահովելով հիմնական ծառայություններից օգտվելու հնարավորություններ»։ Այս ֆինանսավորումը հավելյալ աջակցություն է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023 թվականին ԼՂ հայերի լայնածավալ արտագաղթին արձագանքելու նպատակով հայտարարված 12․2 մլն եվրո աջակցությանը։ |