Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԲԴԽ-ն իրականացնում է դատական իշխանության հեղինակազրկում». Արման Թաթոյան

18:18, կիրակի, 11 փետրվարի, 2024 թ.
«ԲԴԽ-ն իրականացնում է դատական իշխանության հեղինակազրկում». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր Բարձրագույն դատական խորհուրդն իր պաշտոնական էջով տարածել է իր աշխատակազմի` Դատական դեպարտամենտի անունից պարզաբանում` փորձելով պարտակել օրենքի կոպիտ խախտումը` կապված երեկվա, ԲԴԽ-ի ձևակերպմամբ, «Ամենահայտնի քրեական գործերով» տեսանյութի հետ, որին հենց երեկ անդրադարձել էի:

Իրականում, ԲԴԽ-ն իրականացնում է դատական իշխանության հեղինակազրկում իր իրավասությունից ակնհայտորեն դուրս արարքներով` հանուն քաղաքական իշխանության շահերի:

Առավել կոնկրետ՝ իր աշխատակազմ Դատական դեպարտամենտի միջոցով ԲԴԽ-ի երեկվա արարքը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմ:

Այսինքն, կատարվել է այնպիսի արարք, որը չի բխում պաշտոնատար անձի լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին:

Կոնկրետ դեպքում խոսքը վերաբերում է տեսանյութը պատրաստելու հանձնարարականին, այն պատրաստելուն և այդ գործընթացը ղեկավարելուն, որի արդյունքում էական վնասը պատճառվել է դատական իշխանության հեղինակությանը և անձի իրավունքներին ու օրինական շահերին, պետության օրինական շահերին` հօգուտ քաղաքական իշխանության շահերի:

Փոխարենը` ԲԴԽ-ն զբաղված է անտեղի պարզաբանումներով` վկայակոչելով դատավոր Աննա Փիլոսյանի լիազորություններր դադարեցումն այն պայմաններում, երբ յուրայինների կողմից նույն ու ավելի կոպիտ խախտումների դեպքում ոչ միայն պատասխանատվության միջոց չի ձեռնարկվում, այլ նրանք առաջխաղացումներ են ունենում»:

Աղբյուրը` Արման Թաթոյան
1011 | 0
Facebook