Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Պատվերով հարցազրույց, իջեցված Արցախի դրոշ․ Փաշինյանի աղմկահարույց հարցազրույցից դեռ շատ մանրամասներ ի հայտ կգան. «Ժողովուրդ»

09:36, շաբաթ, 10 փետրվարի, 2024 թ.
Պատվերով հարցազրույց, իջեցված Արցախի դրոշ․ Փաշինյանի աղմկահարույց հարցազրույցից դեռ շատ մանրամասներ ի հայտ կգան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին վերջերս տված սկանդալային հարցազրույցը թեժ կրքեր էր բորբոքել:
     Նախ՝ հայտնի դարձավ, որ Արցախի դրոշը Փաշինյանի այցից առաջ հեռացրել էին Հանրային ռադիոյից, բացի այս, հարցազրույցում հնչեցրած աղմկահարույց հայտարարություններից հետո Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարեց, որ իր վրա է վերցնում Նիկոլ Փաշինյանի հետ սկանդալային հարցազրույցի պատասխանատվությունը ու ներողություն խնդրեց Հանրային ռադիոյի ունկնդիրներից:
     Նոր մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանի հարցազրույցից: Նախ՝ տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է որոշել հարցազրույց տալ, վարչապետի աշխատակազմից զանգահարել են Հանրային ռադիո ու ասել, որ պետք է հարցազրույց կազմակերպել վարչապետի հետ:

Ավելին՝ Փաշինյանը նաև ինքն է ընտրել, թե որ հաղորդավարին պետք է հարցազրույց տա. այս դեպքում խոսքը հարցազրուցավար Բարեղամ Ղուկասյանի մասին է: Հանրային ռադիոյի տնօրինությունն առաջարկել է, որ հարցազրույցի ոլորտում ավելի փորձառու մեկն անցկացնի հարցազրույցը, բայց Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ հենց տվյալ հաղորդավարի հետ է ցանկանում հարցազրույց ունենալ:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, հարցազրույցի նախօրեին՝ գիշերը, քաղաքապետարանից գնացել են Հանրային ռադիո և շենքի մոտակայքում տեղակայված Արցախի դրոշը հանել:

Հանրային ռադիոյի տնօրինությունը, դա տեսնելով, նախ անակնկալի է եկել, որ Արցախի դրոշը հեռացրել են, ապա կարգադրել է, որ կրկին դրոշը տեղադրվի: Արդեն հարցազրույցի գալիս Փաշինյանը, տեսնելով, որ դրոշն իր տեղում է, բարկացել է ու որոշել ամբողջ հարցազրույցը իսկական սկանդալի վերածել:

Տեղեկությունների իսկությունը պարզելու համար կապ հաստատեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ։ Վերջինս ասաց. «Հարցազրույցի մասնակցած մարդը, տվյալ դեպքում՝ վարչապետը, մեզ համար հանդիսանում է տեղեկատվության աղբյուր, և նրա վրա տարածվում են տեղեկատվության աղբյուրի պաշտպանության կանոնները, ուստի կարծում եմ, որ տեղին չէ բացահայտել՝ թե ինչպես է կազմակերպվել հարցազրույցը, կամ ով է կատարել հարցազրուցավարի ընտրությունը. դա մեր ներքին խոհանոցին վերաբերող հարց է: Ինչ վերաբերում է դրոշին, ես հաստատում եմ, որ առավոտյան նկատել ենք, որ դրոշը իջեցվել է. չգիտեմ՝ ովքեր են եղել իջեցնողները. հենց նկատել ենք, նորից տեղադրել ենք այն»»։

3199 | 1
Facebook