Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հասարակությունը պետք է հարմոնիկ զարգանա, իսկ հարմոնիկ հասարակությունում նրա բոլոր անդամները և բոլոր մասնագիտությունները կարևոր են: Առանց բացառության՝ բոլոր: Եվ, եթե մասնագիտությունը կա, ապա այն կարևոր է հասարակության համար, կարևոր չլիներ, ուղղակի չէր լինի, ինչպես հիմա չկա այնպիսի մասնագիտութուն, ինչպես օրինակ կառապանությունն է:
Չորեքշաբթի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ընկնելով իրեն բնորոշ ծայրահեղ համեմատությունների գիրկը, բացարձակ և առաջնային հռչակեց հարկ վճարողին, բայց պարոն վարչապետ…
… Պարոն վարչապետ, եթե չլինի զինվորը, որն այս ցրտին կանգնած է ձյունապատ դիրքում, ապա հարկ վճարողի այդ վճարած հարկի իմաստը կկորչի, թուրքը կգա և հարկ վճարողին կսպանի, իսկ նրա վճարած հարկն էլ կխլի: Իսկ ի՞նչ կլինի, եթե չլինեն վարորդները: Հասկանալի է, չէ՞: Իսկ եթե չլինեն տնտեսագետնե՞րը, հացթուխնե՞րը, բժիշկնե՞րը, դագաղագործնե՞րը, ավտոմեխանիկնե՞րը և այլն, պատկերացնում ե՞ք, թե հասարակության բնականոն կյանքն ինչպես կխառնվի ու ինչի կվերածվի:
Ուժեղ է հարմոնիկ, բազմակողմանի զարգացած հասարակությունը, սա հասարակագիտական անհերքելի ճշմարտություն է: Հասկանալի է, որ ելույթ եք ունենում, հասկանալի է, որ, ինչպես Ձեր բնավորությունն է, ընկնում եք էմոցիոնալ ծայրահեղությունների մեջ, բայց մյուս կողմից էլ, պարոն Փաշինյան, չէ՞ որ մեր երկրի փաստացի առաջին դեմքն եք, հանդես եք գալիս ԱԺ ամբիոնից և մեր բոլորիս՝ ազգի ու պետության անունից: Սա պետք է հաշվի առնել, ձեր խոսքը արժեքը զուտ օբյեկտիվորեն, պայմանավորված ձեր զբաղեցրած դիրքով ու պաշտոնով, հսկայական է, դուք մի ինչ որ բակային բիսեդկում չէ, որ միտք եք արտահայտում»: