Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Ազնավուրի հուշարձանի նախագծի բաց մրցույթ
2024 թվականին լրանում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, որն արդեն իսկ հաստատել է միջոցառումների ցանկը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ևս հավաքագրում է ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում: Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը հայտարարել է հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Շառլ Ազնավուրի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել վերջինիս անունը կրող հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց): Հուշարձանի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, մանրակերտի եռադիրք լուսանկարները և անհրաժեշտ հայտաձևն ուղարկել համապատասխան էլ. հասցեով և այն ներկայացնել մրցույթին: Հայտերն անանուն կներկայացվեն մրցութային հանձանժողովին, որից հետո տեղի կունենան մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա կիրականացվի հուշարձանի կառուցումը: Մրցութային պայմաններ՝ ● Արձանը/մանրակերտը պետք է լավագույնս ներկայացնի Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով վերջինիս ստեղծագործական կերպարը: Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նյութեր ●Լրացված հայտաձև Ցուցադրությանը ներկայացնելու համար ● Գիպսից կամ պլաստիլինից պատրաստված մանրակերտ՝ ներառյալ պատվանդանը: Հայտերի ներկայացման ժամանակացույցը՝ այստեղ: Մրցանակը Ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 միլիոն դրամով: |