Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի կենտրոնում ևս մեկ սպորտային համալիր է վաճառվել

18:06, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
Երևանի կենտրոնում ևս մեկ սպորտային համալիր է վաճառվել

Մայրաքաղաքի Կենտրոնում՝ Հաղթանակ կամրջի հարևանությամբ գտնվող սպորտային համալիրը վաճառվել է։ «Հետք»-ը պարզել է, որ այն ձեռք է բերել «Սպարտակ» մարզահամալիրի գնորդը՝ «էկո պետրոլ» ՍՊԸ-ն։

Հաղթանակ կամրջի հարևանությամբ՝ «Մետրոպոլ» հյուրանոցի հետնամասում խորհրդային տարիներին կառուցված համալիրը պատկանել է «Աշխատանք» մարզական ընկերությանը։ Այն Խորհրդային Հայաստանի 4 մարզական կառույցներից մեկն էր։ Հետագայում բոլոր մարզական կառույցները միավորվել են և դարձել «Սպարտակ» մարզական միություն, ապա անվանափոխվել և կոչվել է «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպություն։ Բոլոր սպորտային կառույցների մարզահամալիրները սեփականության իրավունքով փոխանցվել են «Հայաստան» մարզական ՀԿ-ին։

Երևանի Ցախի փողոց 18 հասցեում տեղակայված համալիրում մարզվում են ըմբիշներն ու բռնցքամարտիկները։ «Այստեղ ձևավորվել են հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ու բռնցքամարտի խմբեր։ Յուրաքանչյուրում 200 և ավելի աշակերտ՝ 8-10 մարզիչով»,- այս տեղեկությունը հրապարակել է «Հայաստան» մարզական ՀԿ-ն։

Ըմբշամարտի և բռնցքամարտի համալիրը կառուցվել է 1960 թ-ին։ Այն զբաղեցնում է 3676 քմ հողամաս, որի հիմնական մասը համալիրի շենքն ու հարակից շինություններն են։ «Հայաստան» մարզական ՀԿ-ն համալիրը վաճառել է 2022 թ-ի օգոստոսին։ Այն ձեռք է բերել «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն, որը նախորդ տարի էլ գնել էր Երևանի ամենահին մարզահամալիրը՝ «Սպարտակ»-ը։
     Ինչպես այս դեպքում, այնպես էլ «Սպարտակ» համալիրի վաճառքի դեպքում դրա սեփականատեր «Հայաստան» մարզական ՀԿ-ն գույքը չի փորձել վաճառել մրցույթով։ Այն ուղիղ վաճառքով օտարել է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին։ Բայց մինչ համալիրների ձեռքբերումը, «Հայաստան» մարզական կազմակերպության նախագահ Սոկրատ Պետրոսյանի ծանոթ գործարար Արսեն Հովհաննիսյանը մուտք է գործել ՀԿ-ի նախագահություն և հաստատվել նախագահության կազմում։ Այդ ամենից հետո «Հայաստան» մարզական ՀԿ-ին պատկանող «Սպարտակ» և «Աշխատանք» մարզահամալիրները արտոնյալ պայմաններով վաճառվում են Արսեն Հովհաննիսյանի որդու հիմնադրած «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին։

Ավելի վաղ աղբյուրը գրել էր, որ «Սպարտակ» մարզադաշտն ու հարակից շենքերը 5 միլիարդ դրամով վաճառվել են։ 2 հեկտար մակերեսով մարզահամալիրը վաճառվել է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին։ 2019 թ-ից «Հայաստան» մարզական ՀԿ-ն ղեկավարող Սոկրատ Պետրոսյանը աղբյուրի հանդիպման ժամանակ ասել էր, որ տարբեր ժամանակներում փորձել են մարզադաշտը վերցնել ՀԿ-ից, պետական ֆինանսավորումն են կրճատել, գույքահարկն է թանկացել։ ՀԿ-ի նախագահը շահեկան էր համարել մարզահամալիրի վաճառքի գործարքը։ «Սպարտակ մարզահամալիրի նոր սեփականատերը տարածքը կառուցապատելու է։ «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի տնօրեն Զարինե Ստեփանյանը գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ մարզադաշտի փոխարեն նախատեսվում է կառուցել բնակելի էկո թաղամաս, որը ներառելու է մարզական կոմպլեքս էկո համալիր։

Կառավարությունը, դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից, դժվար թե որևէ կերպ միջամտի սպորտային կառույցների ապասպորտայնացմանը։ «Սպարտակ մարզադաշտի հետ կապված, ասեմ, կարող էիք ինձ չհարցնել, կողքերը հարցնել, և նրանք պատասխանը կիմանային։ Երբ որ ժամանակին, ասենք օրինակ, ԴՕՍԱՖ, Հայաստան մարզական ընկերություն, էլի մի քանի մարզական ընկերություն․․ պետական գույքը կցվել է այդ ընկերություններին, այդ ընկերությունները դրվել են կոնկրետ մարդկանց հսկողության տակ և պետական գույքը՝ միլիարդների, զրո կոպեկով հանձնվել է այդ դե յուրե հասարակական կազմակերպություններին, որից հետո այդ հասարակական կազմակերպություններն ուղղակի միլիարդավոր դրամների գույք են վաճառել հայտնի և անհայտ մարդկանց, այդ հարցի պատասխանը կա։ Եվ մենք չորս տարի այդ հարցով զբաղվում ենք։ Ինչի՞ չի լուծվում այդ հարցը, գիտե՞ք։ Որովհետև մենք իրավական պետություն ենք և ուզում ենք իրավունքի ձևով լուծել հարցը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

3502 | 0
Facebook