Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ-ում ՔՊ-ի նման հակապետական տարրերի դեմ պետական կարգի կայունության մեխանիզմ գոյություն չունի». Ստեփան Դանիելյան

23:48, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
«ՀՀ-ում ՔՊ-ի նման հակապետական տարրերի դեմ պետական կարգի կայունության մեխանիզմ գոյություն չունի». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մի շատ կարևոր բան մենք չենք հասկանում. ինչպես կառուցել ժողովրդավարություն (այսինքն իշխանության ձևավորում ընտրությունների միջոցով), որ երբ ամբոխը խելագարվի և հակապետական տարրեր ընտրի, պետությունը կարողանա դիմադրել այդ մարտահրավերին։
     Բերեմ օրինակներ։
     Ինչու են ԱՄՆ-ում նախագահին ընտրում ընտրիչներն, այլ ոչ` ուղղակիորեն։ Ընտրիչները պարտավորված չեն նախագահին ընտրել ըստ իրենց ընտրողների պատգամի, դա ավելի շուտ բարոյական պարտավորություն է։ Օրինակ, Թրամպ-Քլինթոն ընտրությունների ժամանակ դեմոկրատներից պատգամ ստացած 5 ընտրիչ, որքան հիշում եմ, իրենց ձայնը տվել են Թրամպին, իսկ հանրապետականներից պատգամ ստացած 2 ընտրիչ` Քլինթոնին։
     Դրա իմաստն այն է, որ ծայրահեղ դեպքում, եթե ԱՄՆ-ում ժողովուրդն ընտրի Փաշինյանի պես հակապետական տարր, լրացուցիչ ֆիլտր լինի, դա ճակատագրական քայլ չդառնա։
     Բրիտանիայում այդ դերը միապետն է կատարում, ով, ըստ իր ցանկության, կարող է ցրել խորհրդարանն ու նշանակել վարչապետ, նույնպես` ըստ իր ցանկության։ Միապետը կայունության ու պետական կարգի պահպանության երաշխիքն է, անգամ` ժողովրդից։
     Իրանում այդ դերը կատարում է Ռախբարն ու հեղափոխության Պահպանության խորհուրդը, նաև` փորձագետների խորհուրդը։
     Աթաթուրքի ժամանակ այդ դերը բանակն էր կատարում, Սովետական Միությունում կոմունիստական կուսակցությունն` ըստ սահմանադրության 6-րդ հոդվածի։
     Հայաստանում պետական կարգի պաշտպանության նման մեխանիզմ գոյություն չունի և չի ունեցել։ Հայաստանում ՔՊ-ի նման հակապետական տարրերի դեմ պետական կարգի կայունության մեխանիզմ գոյություն չունի։
     Մենք սխալ ենք հասկանում ժողովրդավարությունը` կարծելով, թե դա ամենաթողությունն է։
     Սահմանադրություն գրողներն այդպես էլ այդ ճակատագրական մեխանիզմի կարևորությունը չէին հասկացել, հենց դա է պետական մտքի բացակայության հիմնական ցուցիչը, սահմանադրությունը ժողովուրդը չի գրել»:

1224 | 0
Facebook