Երեւանի ավագանիում թեժ իրավիճակ է սպասվում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր Երեւանի ավագանիում թեժ իրավիճակ է սպասվում. քննարկվելու է ավագանու հինգ անդամներին մանդատից զրկելու հարցը: Իշխանությունների թիրախում այս անգամ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է, «Մայր Հայաստան» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, Սոնա Աղեկյանը, Գեւորգ Ստեփանյանը և Նարինե Հայրապետյանը, որն իր շուրջ բարձրացած աղմուկից հետո լքել է Հայաստանը: Երեւանի ավագանու ՔՊ խմբակցությունը եւ նրանց հետ կոալիցիոն հուշագիր կնքած «Հանրապետությունը»-ը միասին ունեն 32 ձայն, իսկ ընդդիմադիր խմբակցությունները՝ 33: Այսինքն՝ ստացվում է՝ եթե իշխանություններին հաջողվի ընդդիմադիրներից մեկ ձայն կորզել, ապա կհասնեն իրենց նպատակին, ու ընդդիմադիր ավագանու հինգ անդամները կզրկվեն մանդատներից: «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու նիստին, «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գնալու են քաղաքապետարան, բայց նիստին քվորում չեն ապահովելու, «Հանրային ձայն» խմբակցությունից նույնպես հայտնեցին, որ չեն մասնակցելու նիստին: Այսպիսով, եթե ընդդիմադիրները վերջին պահին չմտափոխվեն ու հետ չկանգնեն իրենց որոշումից, ապա քաղաքային իշխանությանն այսօր չի հաջողվի հասնել իրենց նպատակին ու մանդատից զրկել ընդդիմադիր ավագանու անդամներին»: |