«Հաջո՞րդն ինչն եք Մեղրիում փակելու, ո՞րն է այս ամենի իրական նպատակը». Գառնիկ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգմավոր Գառնիկ Դանիելյանը, ելույթ ու ունենալով ԱԺ-ում, անդրադարձավ Սյունիքի մարզում պետական հաստատությունների փակմանը: «Մեղրիում փակվում են պետական հաստատությունները՝ Առաջին ատյանի դատարանը, ՊԵԿ-ը, կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը։ Փակվել է նաև արխիվը։ Օպտիմալացման անվան ներքո այս գերատեսչությունների փակումը միայն խոչընդոտներ է ստեղծում մեղրեցիների համար։ Միայն նախորդ տարի Մեղրիում փակվել է 100-ից ավելի աշխատատեղ։ Աշխատանքից ազատվել են Կադաստրի պետն ու աշխատակիցը․ սրանով են բացատրում գրասենյակի փակումը։ Սովորաբար, եթե աշխատակիցն անցնում է թոշակի, փոխարինվում է մեկ այլ աշխատակցով, ոչ թե փակվում է հաստատությունը, այն էլ՝ հանրության համար այդպիսի նշանակություն ունեցող։ Այսօր անդրադառնում եմ Մեղրիի խնդիրներին, բայց ստանում եմ ահազանգեր, որ օպտիմալացման գործընթացի անվան ներքո փակվում են այլ սահմանամերձ համայնքների գերատեսչություններ ևս։ Մեղրին Հայաստանի Հանրապետության հարավային դարպասն է, դրախտ հիշեցնող մի վայր։ Մեղրին ու մեղրեցին արժանի են ամենօրյա հոգածության, մինչդեռ, տարվում է քաղաքականություն, որը հանգեցնելու է հայրենիքի այս չքնաղ հատվածի հայաթափմանն ու նորանոր աղետների»,- հայտարարեց նա: |