ԱԺ հայտարարությունների ժամին ելույթով հանդես է եկած Ասպրամ Կրպեյանն, ով ներկայացնում է «Հայաստան» խմբակցությունը, անդրադարձել է Փաշինյանի` օրերս հայտարարած այլաբանությանը ցլերի ու կարմիր շորերի մասին:
«Այսօր խոսելու եմ թշնամական ցլերի, հակաՀայաստանը մարմնավորող կակղամորթ շնագայլերի և մեր՝ Հավերժական Հայաստանի` առյուծի ու արծվի հոշոտված, վիրավոր ժառանգներիս մասին:
Մեր հազարամյակների պատմության ընթացքում նույնիսկ, եթե ընկել ենք կամ ծնկել՝ միշտ կանգնել ենք:
Կանգնել ենք, որովհետև հենարան ենք ունեցել. հազարամյակներ սերունդների պայքարից ու արյունից, ջանքից ու արցունքից հյուսված զրահաբաճկոն ենք ունեցել: Այդ սրբազան պարտքի զրահաբաճկոնը ծնկած կամ քարշ գալով չես կարող կրել. այդ պատասխանատվությունը մեջքդ ձիգ, ոտքերիդ ամուր կանգնած միայն կարող ես կրել:
Զրահաբաճկոն, որ ազգային արժանապատվության, հազարամյակների ժառանգության ու հայի չհանձնվող տեսակի խտացումն ու մարմնավորումն է:
Մեր առյուծ ու արծիվ նախնիներից ժառանգած արժանապատվության զրահաբաճկոնը խաբեությամբ հափշտակած հակաՀայաստանը մարմնավորող կակղամորթ շնագայլերը միայն կարող են այն համարել կարմիր լաթի կտոր, ու դրա ծանրությանն ու պատասխանատվությանը չդիմանալով՝ վեհերոտ հայացքով համոզել ձերբազատվելու դրանից։
Սկզբում համոզում էին, որ խնդիրը, բեռը՝ Արցախն է. հանձնենք ու հանգիստ ապրենք:
Հետո համոզում էին, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի, գնանք սողալով մուրանք դռնեդուռ, էլի զիջենք, հանձնենք արդեն Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքից հատվածներ, որ խղճան, կարեկցեն ու մեր պատմական Հայրենիքի մի թիզ մկրատված հողակտորի համար կադաստրի վկայական տան, որը զմռսված կլինի թշնամական ցլերի կնիքով, որ գոյություն քարշ տանք աշխարհագրական տեղանուն Հայաստանում։
Հիմա համոզում են, որ մերը Հայրենիք չէ, այլ՝ պետություն է, ու պիտի հրաժարվենք մեր պետականության հիմնասյուներից՝ Անկախության հռչակագրից, Սահմանադրությունից, օրհներգից, զինանշանից, պիտի հրաժարվենք Արարատից, պատմական հիշողությունից, հայ արդար դատից և արժանապատվությունից, որ աշխարհագրական տեղանուն Հայաստանում կուշտ ապրենք թշնամական ցլերի լծի տակ, թշնամական ցլերի կադաստրի վկայականով:
Սիրելի´ հայրենակիցներ, իսկ ճշմարտությունը մեկն է
Արարատը հավեժական Հայաստանի խորհրդանիշն է: Որքան էլ փորձեն համոզել, և որքան էլ տկար լինի առյուծի ու արծվի ժառանգը, կակղամորթ շնագայլ չի դառնա երբեք»։