Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսպիսի փաստաթղթով Ադրբեջանը փորձում է փակել Արցախի հարցը». Արմեն Ռուստամյան

17:24, երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ.
«Այսպիսի փաստաթղթով Ադրբեջանը փորձում է փակել Արցախի հարցը». Արմեն Ռուստամյան

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ու դրանից բխող պայմանագրի վերաբերյալ, ուսումնասիրելով երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունը, Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը. «Քննարկվող փաստաթղթի համաձայնեցման գործընթացում Ադրբեջանը ձգտում է դե յուրե ամրագրել ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը՝ ցեղասպանական գործողություններով իրականացված էթնիկ զտման միջոցով Արցախի բռնակցման և ՀՀ որոշ տարածքների բռնազավթման մասով՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը: Ըստ էության, այսպիսի փաստաթղթով Ադրբեջանը փորձում է փակել Արցախի հարցը, ավելին, մեծանում են սպառնալիքները ՀՀ-ի նկատմամբ: Ստեղծված պայմաններում հարաբերությունների կարգավորում պետք է ընթանա առնվազն հետևյալ սկզբունքների համաձայն. 1-ին, որպես նախապայման դիտարկել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, ինչպես նաև բոլոր ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձը, առկա հումանիտար բնույթի խնդիրների լուծումը և մշակութային ժառանգության պահպանումը։

2-րդ, անհրաժեշտ է, որպեսզի տվյալ պայմանագիրը լինի հարաբերությունների կարգավորման ամբողջական փաստաթուղթ, հարգի կողմերի օրինական շահերը և ընդգրկի լուծումներ համաձայնեցման ենթակա հարցերի ողջ փաթեթով։

3-րդ, որևէ համաձայնություն չպետք է վտանգի հայ ժողովրդի անժամանցելի և անօտարելի իրավունքները։ Պետք է բացառվեն կենսական զիջումները և կորուստները՝ հստակ ամրագրելով մեր շահերը գործող ՀՀ սահմանադրաիրավական և միջազգային նորմերին ու դիվանագիտական պրակտիկային համահունչ։
     4-րդ, սահմանազատման և սահմանագծման հիմք պետք է հանդիսանան Ադրբեջանական Հանրապետության ԱՊՀ անդամակցման պահին (սեպտեմբեր 24, 1993թ.) գործող փաստացի սահմանները։ Երկու երկրների միջև սահմանազատումը և սահմանագծումը պետք է համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային ու նորմերին, այդ թվում այն սկզբունքին, համաձայն որի՝ առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռք բերված ցանկացած միջազգային համաձայնություն։

5-րդ, տրանսպորտային և հաղորդակցության այլ ուղիների ամբողջական և միաժամանակյա ապաշրջափակում, առանց ինքնիշխանության որևէ սահմանափակման։

Մինչև Արցախի հարցի վերջնական քաղաքական կարգավորումը և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների լիակատար իրացումը, ապահովել արցախահայերի հավաքական, անխոչընդոտ և անվտանգ վերադարձը հայրենիք՝ հիմնված էթնիկ զտման հետևանքով բռնաճշնումների ենթարկված և բռնի տեղահանված անձանց իրավունքների լիարժեք հարգման վրա:
     Վերադարձի նախապայման պետք է դիտարկել. Արցախին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը՝ ապահովելով ողջ ծավալով արցախահայերի միջազգային նորմերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական իրավունքները, Արցախի ժողովրդի անվտանգության գործուն երաշխիքների ապահովումը, ներառյալ՝ խաղաղապահ ուժերի տեղակայումը, Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապի ապահովումը։

Առանց այս սկզբունքների պահպանման ստորագրված որևէ փաստաթուղթ չի նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, այլ վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը»,- իր ելույթում ասաց Ռուստամյանը:

2021 | 1
Facebook